Գիտե՞ք՝ ինչ ցանկություն է ունեցել Վիլյամ Սարոյանը, որը մինչև օրս անկատար է մնացել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք քչերին են հայտնի

1981 թվականի մայիսի 16-ին մահանում է Վիլյամ Սարոյանը։ Սարոյանի մահվան լուրն արագ տարածվում է ողջ ԱՄՆ-ում, Եվրոպայում և հատում է նաև Խորհրդային Հայաստանի սահմանները։ Սարոյանի մահվան լուրը նախ հասնում է Խորհրդային Հայաստանի վերնախավին։ Այդ օրերի, բացառիկ իրադարձությունների մասին է պատմում հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, գրականագետ Կարլեն Դալլաքյանը։

Նա, մասնավորապես, նշում է․ «Ամերիկայից լուր ստացանք, թե բերում են Վիլյամ Սարոյանի աճյունասափորներից մեկը։ Մեծ վարպետը կտակել էր՝ իր աճյունները ամփոփել երեք սափորներում․ մեկը տանել Երևան և հանձնել մայր հողին, մյուսը թողնել Ֆրեզնոյում, իսկ երրորդը օդից շաղ տալ Բինգյոլի վրա, երբ նա ազատագրվի։ Վերջին կամքի առաջին երկու կետն իրականացավ անհապաղ։ Մի պատվիրակություն ժամանեց, լրագրող Օշին Քեշիշյանի գլխավորությամբ, իր հետ բերելով աճյունասափորը, այն բանից հետո, երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։ Արարողությունը կատարվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Թաղումից մեկ օր առաջ Դեմիրճյանն ինձ հրավիրեց։

– Գիտե՞ս,- ասաց նա,- շատ եմ մտածել։ Մենք համաձայնություն ենք տվել Սարոյանի աճյուններն ամփոփելու մայր հողում, մեր մեծերի պանթեոնում։ Մենք վերցնում ենք մեզ վրա բոլոր ծախսերը, կապված թե թաղման, և թե հետագայում գերեզմանի կարգավորման հետ։ Բայց մեզանից ոչ ոք չի խոսելու։ Այնպիսի պատկերացում կարող է ստացվել, թե դա մեզ չի հետաքրքրում, այլ՝ միայն Գրողների Միության գործն է։ Որոշել եմ, որ դու պետք է խոսես»։ (Հատվածը վերցված է Կարլեն Դալլաքյանի «Հուշապատում․ դեպքեր, իրողություններ, մտորումներ» գրքից, էջ 258)։

Դալլաքյանն իր գրքում մանրամասներ է հայտնում նաև Դեմիրճյանի հետ խոսակցությունից հետո իր մտորումների մասին։

Դալլաքյանը նշում է, որ Դեմիրճյանի կողմից հանձնարարականը ստանալուց հետո կապ է հաստատում հանրային գրադարանի տնօրեն Արազի Թիրաբյանի հետ, խնդրում է, որ իր տուն ուղարկեն Սարոյանի հետ կապված ամեն ինչ։ Կարճ ժամանակ անց նրա մոտ լինում է Սարոյանի հետ կապված ամեն ինչ, որից հետո սկսվում են մի քանի ժամ տևող աշխատանքները։ Երկար ուսումնասիրելուց, թերթելուց, ծանոթանալուց հետո Դալլաքյանը հիշում է Ջերմուկում տեղի ունեցած դեպք, որը դառնում է Սարոյանի աճյունասափորի թաղման ժամանակ նրա խոսքի կորիզը։ Դալլաքյանը մանրամասն պատմում է Ջերմուկում տեղի ունեցած իրադարձությունը․

«Գնացել էի Ջերմուկ։ Քաղաքային խորհրդի նախագահ Զավեն Վարդանյանը, որ մտավորական մարդ էր, հատկապես զբաղվում էր տեղական ասքերի ու լեգենդների բանահավաքությամբ, ինձ ցույց էր տալիս տեսարժան վայրեր։ Ձորում, երբ անցնում էինք խոշոր սալաքարերով շարված ջրապատնեշի կողքից, կանգնեց, ցույց տվեց մի շարը, որի ամենավերի քարը բացակայում էր։

– Այստեղ բերեցի Վիլյամ Սարոյանին,- ասաց նա։

-Հարցրեցի, վարպետ, եթե մեկ բառով արտահայտելու լինեք աշխարհում ձեր ամենասիրած բանը, ի՞նչ կասեք։ Առանց տատանվելու պատասխանեց․ «Արև»։

Նախապես յուղաներկ էի պաշարել այստեղ։ Խնդրեցի իր ձեռքով գրել այդ բառը։

Վերցրեց վրձինը, թաթախեց ճերմակ յուղաներկի մեջ և լատինատառ գրեց հարթ քարի վրա «AREV»։ Այդ քարը այժմ քաղաքի թանգարանում է։

Երբ հողին էինք հանձնում Սարոյանի աճյունասափորը, միտքս եկավ այդ պատմությունը։ Ապրելով Հայաստանից հեռու, հայ միջավայրից դուրս մեր մեծերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, կարողացել էր բռնել ամենաառաջատար ջիղը՝ կենսասիրությունը և հավերժացրել խորհրդանիշի մեջ․«AREV»։ (Նույն տեղում՝ էջ 259)։

Հատկանշական է, որ Հայաստանում քիչ ժամանակ անցկացրած Սարոյանը հոգով, սրտով ու իր բոլոր զգայարաններով կապված էր մայր հայրենիքի հետ։ Այդ ամենի մասին է փաստում Դալլաքյանի գրքում տեղ գտած բացառիկ պատմությունը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ հայազգի գրողի սիրտը Հայոց լեռներում է։ Այս պատմությունն ունի հետաքրքրական մի շարք կողմեր։ Մասնավորապես բացառիկ է այն, որ ժամանակին հայ քաղաքական գործիչները հայազգի հայտնիների թաղման ժամանակ ելույթի համար պատրաստվում էին ժամերով, օրերով, ուսումնասիրում էին մահացած մարդու թողած ժառանգությունը, և սա՝ այն դեպքում, որ նրանցից շատերը կարդում էին, լսում էին, տեսնում էին այդ ժամանակի հայ արվեստագետների ստեղծած գործեը։

Հետաքրքրական է նաև ընդգծել, որ Սարոյանի վերջին ցանկություններից մեկը դեռ մնում է անկատար։ Բինգյոլը շարունակում է մնալ գերեվարված։

Միայն միասնությունը, ազգային արժեքներին վերադարձը, կրթությունն ու ուժը կարող են հայ մարդուն վերադարձնել իր արմատներին, որից հետո Սարոյանի վերջին աճյունասափորը կթափվի Բինգյոլի վրա։