«Ոչ մի լուր չենք ունեցել, գնացել ենք մորգերով, հիվանդանոցներով, հույս ենք ունեցել, որ ինքը գերի ա կամ մի տեղ ա». ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԻ մայրը մինչև հիմա հույս ունի, որ որդին ողջ է

42-ամյա Ալյոնա Խանգալդյանը հուզմունքով ասում է՝ լրիվ այլ կերպ էր պատկերացնում որդու 20-ամյակը նշել՝ ռեստորանում, բարեկամների-ընկերների շրջապատում,  ուրախ երաժշտության ներքո, սակայն, ճակատագրի բերումով, Եռաբլուր է գնում ու այնտեղ տանում տորթն ու փուչիկները։

«Տղուս սիրած տորթն եմ թխել՝ մեջը լիքը բանան, մոմեր եմ դրել, որ երեխեքը փչեն մոմերը, ինչ անում եմ, էստեղ եմ անում։ Ինքը պետք ա մի քանի ամսից գար՝ բանակի քեֆն ու ծնունդը միասին մեծ նշեինք, բայց․․․»- արցունքների միջից ասում է Ալյոնան, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

Ալյոնայի որդին՝ 18-ամյա Արմեն Խանգալդյանը, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Արմենը կռվել է հակառակորդի դեմ մինչև հոկտեմբերի 20-ը։

Մայրն ասում է՝ որդին հոկտեմբերի 19-ին է վերջին անգամ զանգել, ասել, որ ամեն ինչ կարգին է, էլի կզանգի, սակայն այդպես էլ չի զանգել։ Խանգալդյանները այդ օրվանից որդուց լուր չեն ստացել, մարտին ԴՆԹ-ով պարզվել է, որ տղան զոհվել է։

«Ոչ մի լուր չենք ունեցել, ամեն տեղ գնացել ենք՝ մորգերով, հիվանդանոցներով, հույս ենք ունեցել, որ ինքը գերի ա կամ մի տեղ ա։ Չգիտեմ՝ մինչև հիմա հուսով եմ, որ ողջ ա, չեմ համակերպվում, չեմ հավատում»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Ալյոնան ասում է՝ հետո են իմացել, որ որդին զոհվել է ընկերոջը օգնության հասնելիս, ընկերը վիրավորվել է, ինքը մոտեցել է, դիպուկահարը հարվածել է, երկուսն էլ միասին զոհվել են։ 

Արմեն Խանգալդյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արմենը տարբերվում էր իր գիտելիքներով, վարքով, ուշադրությամբ և հոգատարությամբ՝ ասում է մայրը։

«Գերազանցիկ էր, պատմություն շատ էր սիրում, լավ պատմություն գիտեր, ուզում էր պատմաբան դառնալ»,- ասում է մայրը ու հավելում՝ որդին շատ աշխույժ էր, մասնակցել է դպրոցի բոլոր միջոցառումներին, սպորտով է զբաղվել, սիրել է ֆուտբոլ, կարատե, մասնակցել մրցումների, արժանացել բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի։ 

Ալյոնան ասում է՝ որդին շատ հոգատար էր տան անդամների՝ ծնողների, քույրերի նկատմամբ։ Մտադիր էր բանակից գալ և տունը վերակառուցել։ Սիրում էր տոներին մշտապես անակնկալներ մատուցել հարազատներին։

«Ամեն Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին նվերներ էր առնում, ծաղիկներ, ուրիշ ձևի երեխա էր։ Ուզում էր՝ քույրը պարի գծով շարունակեր, ընդունվեր, հիմա աղջիկս եղբոր թոշակով մասնակցում ա պարի դասերի»,- ասում է մայրը ու նշում՝ որդին շատ երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ, ուզում էր շուտ ամուսնանալ, մոր հորդորով որոշել էր սպասել, բանակից հետո ամուսնանալ:

MediaLab.am