«Ինձանից մի քանի տարի առաջ, ծնվել էր մի տղա, բայց նա երկու տարեկան հասակում մահացել էր, ինձ, որպես ժառանգություն թողնելով իր անունը». հետաքրքիր մանրամասներ Վահրամ Ալազանի մանկությունից

Ահա թե ինչ մանրամասներ է պատմել Վահրամ Ալազանն իր մանկությունից։

Հայրս՝ ուստա Մարտիրոսը, Վանում անուն հանած կառուցող հյուսն էր։ Նա ոչ միայն ուստա էր այլև ուստաբաշի (վարպետների ավագ)։ Վանում երբ պետական կամ մասնավոր մի շենք էր կառուցվում, իսկույն հրավիրում էին հորս և նրան հանձնում շինարարության ամբողջ ղեկավարությունը։ Նա իր շուրջն էր հավաքում բազմաթիվ այլ վարպետների, սկսում և ավարտում էր տվյալ շենքի կառուցումը։ Նա մի տեսակ ինժեների աշխատանք էր կատարում։Շնորհիվ իր աշխատանքի և նրանից ստացած բավական մեծ վաստակի, նա կարողանում էր մեր ընտանիքի համար ստեղծել բարեկեցիկ կյանք։ Ամեն աշուն, նա ձմեռվա համար հարուստ պաշար էր հավաքում (յուղ, պանիր, ղավուրմա, աղ դրած միս, ալյուր, թաց և չոր մրգեր, տեսակ-տեսակ թթուներ և այլն):Ամեն իրիկուն աշխատանքից վերադառնալիս նա իր խուրջինի երկու կողմերը լիքը լցրած բերում էր փայտի կտորտանք ձմռանը վառելու համար։Հայրս շատ հյուրասեր և ընկերասեր մարդ էր։ Նա չէր սիրում մենակ սեղան նստեր։ Պատահում էր, որ կիրակի առավոտյան, խուրջինը ուսը գցած գնում էր շուկա ճաշի համար կենսամթերքներ բերելու, բայց տուն էր դառնում դատարկ խուրջինով, և ետևից գցած 6-7 ընկեր-արհեստավոր։ Տուն մտնելով, նա դիմում էր մորս.– Աղավնի, սեղան բաց արա։ Խեղճ մայրս տարակուսում էր, և չգիտեր թե ինչպես հյուրասիրել այդ անակնկալ հյուրերին, բայց տան եղածով մի կերպ կարողանում էր հյուրասիրությունը գլուխ բերել։ (Գինին և օղին մեր տնից միշտ անպակաս էին և դա հեշտացնում էր մորս գործը՝ նման անակնկալ հյուրերին ճամփու դնելու համար)։ Հայրս սովորություն ուներ իր հյուրասիրությունները պսակել ասիական երաժշտությամբ, դրա համար էլ «Կուջոյի զալկին» մեր տնից անպակաս չէր։ Մայրս Աղավնի խաթունը, հավատացյալ, համեստ, ընտանիասեր, անգրագետ մի կին էր նա կատարում էր մեր տան ամբողջ գործը (հաց թխել, ճաշ պատրաստել, կարել-կարկատել, լվացք անել և այլն)։Հորս և մորս միջև հաճախ էր կռիվ տեղի ունենում։ Հայրս պահանջում էր, որ հաց թխելու և լվացք անելու համար՝ մայրս կանայք հրավիրեր, վարձատրելով նրանց, բայց մայրս հակառակվում էր դրան ասելով, թե «ես չեմ ուզում, որ խաբար տանող-բերող խացթուղ մտնի իմ տուն»։Հոր և մոր կողմից իմ պապերին ես չեմ տեսել։ Մորս կողմից տատս Խուռիկ (Հռիփսիմե) խաթունը՝ գրագետ, հավատացյալ մի պառավ էր, նա ինձ շատ էր սիրում, հաճախ ինձ ժամերով դրած իր ծնկներին կարդում էր «Աստվածաշունչ», «Ավետարան», «Նարեկ» և այլ գրքեր։ Գրքերի ընթերցանությունից զատ, նա ինձ համար երգում էր ժողովրդական երգեր, պատմում հեքիաթներ և այլն։ Ես շատ էի սիրում տատիս և երազում էի այն օրը, երբ ինքս էլ նրա նման կկարդամ գրքեր և կպատմեմ հեքիաթներ (գրքի և գրականության սերն իմ մեջ անցել է ըստ երևույթին տատիս միջոցով)։ Մորեղբայրս Գաբրիել Միրիջանյանը, հաճախ գալիս էր մեր տուն և շատ էր սիրում խաղալ ինձ հետ։ Մի անգամ, նա այսպիսի մի խաղ սարքեց, իր գրպանի հայելին բռնած արևի դեմ նրա շողքն անդրադարձնում էր իմ աչքերի մեջ։ Ես խույս տալով այդ տհաճ խաղից, հետ-հետ գնացի և հետևով ընկա պատի կողքին դրած սանդերքի վրա։ Մայրս սարսափահար ճիչ արձակելով վազեց դեպի ինձ, գրկեց և դուրս քաշեց հետույքիս մեջ մտած սանդերքը ու սկսեց կռվել իր եղբոր հետ, այդ չարաբաստիկ խաղի համար։ Դրանից հետո, ամեն անգամ երբ մեր տուն էր գալիս մորեղբայրս ես սարսափահար փախչում էի նրանից բացականչելով «բաբո-բաբո», այսինքն՝ «Գաբրիել-Գաբրիել»։Մեծ եղբայրս՝ Եղիազարը, ավարտել էր Վանի հայկազյան կենտրոնական Վարժարանը։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, տանը նստած զբաղվում էր գեղարվեստական գրականությամբ, ընթերցանությամբ և նկարչությամբ։ Նա նկարում էր ջրաներկով, բայց նրա հաջողությունը դիմանկարների մեջ էր։ Սպիտակ, խավոտ թղթի վրա, նա ածուխով նկարում էր դիմանկարներ։ Հաջողությամբ նկարել էր հայ կլասիկների՝ Րաֆֆու, Շիրվանզադեի, Նար-Դոսի, Ավ. Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի և Պետրոս Դուրյանի դիմանկարները, որոնցով զարդարել էր մեր սենյակի չորս պատերը։Նկարչությունից զատ, Եղիազարն զբաղվում էր նաև դերասանությամբ։ Վանի ինքնագործ թատերական խմբերում նա խաղում էր բացառապես կանացի դերեր։ «Արտասուքի հովիտ» պիեսում, նա մեծ հաջողությամբ խաղում էր Հյուրիի դերը, այդ պատճառով էլ Վանում շատերը նրան ոչ թե Եղիազար էին կոչում այլ Հյուրի։ Նա խաղում էր նաև Օֆելյայի և Դեզդեմոնիայի դերերը՝ Շեքսպիրի պիեսներում։ Պատանեկության տարիներից զբաղվելով նկարչությամբ, իր կյանքի հասուն տարիներին Եղիազարը հայտնի դարձավ, որպես նկարիչ և ծաղրանկարիչ՝ Ե. Դանչո ծածկանունով։ Եղիազարի դեմքին արդեն նկատվում էին առաջին աղվամազերը։ Դրանով երևի ոգևորված և իրեն արդեն «տղամարդ» համարելով, նա սկսել էր ծխել։ Ծխում էր հորիցս և մորիցս թաքուն։Ձմռան մի երեկո, ամբողջ ընտանիքով բոլորված մեր «քուռսու» տակ տաքանում էինք։ Եղիազարը նստած էր հորս կողքին։ Քիչ հետո նա վեր կացավ, որ դուրս գնա։ Քուռսու տակ նստած ժամանակ նրա գրպանից սահել և ընկել էր ծխախոտի մետաղյա, փայլուն տուփը։ Հայրս նկատելով այդ տուփը վերցրեց իր ձեռքը և Եղիազրի հետևից բացականչեց.– Աղպեր, ախպեր զկարիդ կութին մոռցար, արի տար։ Եղիազարը վերադարձավ, որ տուփն ստանա այդ րոպեին հայրս, զսպանակի պես վեր ցատկեց տեղից և սկսեց բռունցքներով հարվածել Եղիազարի թիկունքին, բացականչելով.– Չկարա կքաշիս հա, … Չկարա կքաշիս հա, … առ քեզ չկարա, առ քեզ չկարա, -բացականչում էր գազազած հայրս, ավելի սաստկացնելով իր հարվածները։ Այս պատժից հետո Եղիազարի գրպանից անհայտացավ ծխախոտի տուփը։ Նա ծխախոտը թաքցնում էր մեր տան անկյուններից մեկում և ծխելիս բարձրանում էր կտուրը, որ իրեն ոչ ոք չտեսնի։Ինձանից մի քանի տարով փոքր քույրս Սիրվարդը, հանդիսանում էր իմ միակ խաղընկերը մեր տան մեջ։ Ամբողջ օրը ես վազվզում էի նրա հետևից, քաշքշում շորերը, մազերը և այտերը։Մի անգամ մայրս հանձնարարեց ինձ և Սիրվարդին ջրհորից մի դույլ ջուր քաշել։ Դույլը ծանր էր երկու հոգով հազիվ էինք քաշում ջրհորից։ Երբ դույլը հասցրել էինք մինչև ջրհորի կեսը Սիրվարդն ասաց.— Վահրամ, դու չվանը բռնիր ես գնամ արտաքնոց գամ։ Սիրվարդի գնալուց անցավ բավական ժամանակ, բայց նա չկար ու չկար, ծանր դույլը ձեռքիս, ես նայում էի ջրհորի մեջ և մտածում, թե ուր կորավ իմ քույրը։ Վերջապես, ճարահատյալ, մեծ ուժ գործադրելով ինձ վրա, դույլը դուրս քաշեցի հորից և գնացի որոնելու քրոջս։ Դուրս գալով դեպի այգին, տեսա, որ խորամանկ քույրս ինձ խաբել է և նստած գետնին կորիզ էր ջարդում և ուտում։ Ինձ մնում էր հարձակվել նրա վրա և ծեծել։ Սիրվարդից հետո ծնվեց իմ երկրորդ քույրը Սիրանուշը (Նուշիկ), որը վտիտ, հիվանդոտ մի երեխա էր։ Եղիազարից զատ ուրիշ եղբայր ես չունեի ինձանից մի քանի տարի առաջ, ծնվել էր մի տղա, որին նույնպես Վահրամ էին կոչել, բայց նա երկու տարեկան հասակում մահացել էր, ինձ, որպես ժառանգություն թողնելով իր անունը։