«Ջահնամ էն սահաթը մենակ թող իմ բալաների սրտով լինի» . արդյո՞ք՝ կնոջ մահից հետո նորից ամուսնացավ Վահրամ Ալազանի հայրը

Ընկերներն ու ազգականները խորհուրդ էին տվել հորս, որ «անտեր մնացած» զույգ երեխաներին խնամելու համար նրան հարկավոր է կրկին անգամ ամուսնանալ։ Հայրս համոզվել էր այդ բանում։ Հորս ընկերները նույնիսկ նրա համար գտել էին կնոջ հարմար թեկնածու, որը նույնպես այրի էր։ Հայրս մի անգամ «տաք գլխով» տեսել էր այդ կնոջը, հավանել և հաջորդ օրը հասարակ մի ժամացույց գնել և գնացել «նշան էր դրել» այդ կնոջը։ Նախքան ամուսնանալը հայրս ուզում էր իմանալ իմ և Սիրվարդի կարծիքը «մոր» մասին։ Մի անգամ նա մեզ հասկացրեց, որ ուզում է մեր համար նոր մայր բերել և ցանկանում է, որ մենք գնանք տեսնենք նրան և հայտնենք մեր կարծիքը։
Հաջորդ օրը, հայրս իմ և Սիրվարդի ձեռքից բռնած, տարավ «Ապտեչնայա» փողոցը, ուր բազմաթիվ այլ գաղթականների հետ ապրում էր մեր «մայրը»։ Նա Բիթլիսեցի էր: Երբ ներս մտանք, այդ կինը մեզ ընդունեց շատ սառը չուներ մայրական ոչ մի զգացմունք։
Երբ տուն վերադարձանք հայրս հարցրեց մեր կարծիքը։ Ես բացասաբար արտահայտվեցի, Սիրվարդը միացավ ինձ։ Հայրս հաշվի առնելով մեր կարծիքը հրաժարվեց և չամուսնացավ այդ կնոջ հետ.
– Ջահնամ էն սահաթը,– ասում էր նա, – մենակ թող իմ բալաների սրտով լինի։ Որոշ ժամանակ անց, հորս առաջարկեցին ամուսնանալ վանեցի Սալախյան Պետրոսի աղջկա հետ, որը նույնպես այրի էր։ Հաշվի առնելով նախկին փորձը, հայրս նախկան նշան դնելը, վերցրեց ինձ ու Սիրվարդին և տարավ հարսնատեսի։
Սալախյանների ընտանիքը ապրում էր «Դաշլի քուչա»-ի վերջում։
Երբ ներս մտանք, մեր նոր մայրացուն Ազնիվը, վազեց ընդառաջ, գրկեց, համբուրեց ինձ ու Սիրվարդին, և ամեն մեկիս ձեռին մի-մի շաքար դրեց։ Մեզ շատ ուրախացրեց այդ ջերմ ու գուրգուրալի վերաբերմունքը։ Երբ դուրս եկանք, հայրս հարցրեց մեր կարծիքը։
– Շատ լավն էր,– միաբերան ասեցինք ես ու Սիրվարդը։ Հարցը պարզ էր։ Մյուս օրը, հայրս մի-մի ծաղիկ տվեց մեր ձեռքը, և ուղարկեց մեր նոր մոր մոտ։
Դա յուրատեսակ նշանդրեք էր։
Երբ ծաղիկներով մենք նորս մտանք, մեր մայրացուն, իսկույն, գրկեց մեզ, համբուրեց, անընդհատ կրկնելով.
– Մեռնիմ իմ տղին։
– Մեռնիմ իմ աղջկան։
Մենք զգում էինք իսկական մայրական գուրգուրանք։
Կարճ ժամանակ հետո, հայրս Ազնիվ Սալախյանի հետ գնացին Կոնդի եկեղեցին և ամուսնացան։
Փոխանակ մորս տեղափոխելու «Զառաբի քարվանսարա»-ի մեր մութ ու խոնավ սենյակը, մենք երեքովս տեղափոխվեցինք նրանց տան լուսավոր և տաք սենյակը։ (Հայրս և Պետրոս Սալախյանն այդպես ավելի հարմար գտան)։
Մի քանի օրից հետո, մենք տեղափոխվեցինք մորս բնակարանը։ Այստեղ թե ես, թե Սիրվարդը, մեզ չափազանց լավ էինք զգում։
Մեր նոր պապը Պետրոս աղան (Բոբոզ աղան) շատ էր սիրում մեզ իր նոր թոռներին։
Երբ որ բացվեց 1916 թվականի գարունը, Բոբոզ աղան մեր ձեռքերից բռնած, համարյա ամեն օր մեզ տանում էր զբոսանքի, դեպի Հրազդանի ձորը։
Վերջապես Թիֆլիսից վերադարձավ Եղիազարը։ Նա իմ նոր տարազի մեջ բոլորովին չճանաչեց ինձ։ Պարզվեց, որ նա Թիֆլիսում աշխատել էր, որպես գրաշար ելավ որոկավորվել էր այդ արհեստում։
Նույն 1916 թվականի անշնանը ինձ հաջողվեց մտնել Երևանի գաղթականական Կենտրոնական դպրոցը, Վանում կիսատ թողած ուսումս շարունակելու համար։
Դպրոցում Լ. Մարությանի խմբագրությամբ լույս էր տեսնում պատի թերթ։ Ես այդ թերթին աշխատակցում էի բանաստեղծություններով Հորձանք ծածկանունով։
1917 թվի փետրվարյան հեղափոխությունից հետո, փակվեց մեր դպրոցը և ես մնացի տանը։ Հնարավորություն չունենալով շարունակելով ուսումս։
Նոր մոր հետ միասին մենք ունեցանք ոչ միայն նոր պապ, այլև նոր տատ նոր մորեղբայր — Հայրիկ Սալախյան, որը Վանի իմ դասընկերներից էր։
Մի կիրակի օր, հայրս որոշեց և մեզ տանել «իլիզոն»-կինո։
Մեր նոր ընտանիքը թվով յոթ հոգի֊ պապս, տատս, մորեղբայրս, հայրս, մայրս, ես և Սիրվարդը Կոնդից դուրս եկանք և շարժվեցինք դեպի քաղաքային այգի, որի դիմաց գտնվում էր կինոյի շենքը։ Հայրս բոլորիս համար էլ գնել էր առաջին շարքի ամենաէժանագին տոմսերը։ Մենք բոլորս նստած առաջին շարքում, ակնապիշ նայում էինք դիմացի սպիտակ էկրանին։ Դահլիճի լույսերը մարեցին և էկրանը լուսավորվեց։ Հանկարծ էկրանի վրայից դեպի մեզ սկսեցին շարժվել մի քանի ֆուրգոններ, որոնց ձիերը կարծես թե խրտնած էին։ Մենք բոլորս սարսափահար դուրս փախանք դահլիճից։ Փողոցում մայրս սարսափահար ասաց.
– Քամբախ անիմ ուրենց իլիզոն ուրենց կյլխին, քիչ մնաց որ մեզ ճխլտեին կատղած ձիերը։ Մարտիրոս դու էլ տեղ էս կտել մե շանց տալու։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ մենք կինո հաճախեցինք։ Երբ տուն հասանք տատս զույգ ձեռքերը վեր պարզած ասաց.
— Փառք քեզ աստված, լավա սաղ-սալամաթ պրծանք։