Գիտե՞ք թե ով է եղել ժամանակակից հայկական գրաֆիկայի ՀԻՄՆԱԴԻՐԸ, ՆԱ ստեղծել է նաև ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ․ Երբևէ եղե՞լ եք նրա տուն-թանգարանում․

Գեղանկարիչ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ ծնվել է Ախալցխայում: Մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր սովորել է քաղաքային ուումնարանում: 16 տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելուց հետո, 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի գեղարվեստական ստուդիա: Նրա գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ, բեմանկարչություն, մանկավարժություն:

1918թ. հնէաբանական մի խմբի հետ, պեղումների նպատակով, շրջագայության է մեկնել Արևմտյան Հայաստանի Անի քաղաք: 1920-ականների սկզբին մոտ 2 տարի բնակվել է Թավրիզում և այդ ժամանակաշրջանում էլ ծնունդ են առել «Թավրիզի փողոցները», «Թավրիզի երեխաները», «Թավրիզուհին» եւ «Թավրիզի ճաշարանը» ստեղծագործությունները: 1922թ., Հայաստանի կառավարության հրավերով, տեղափոխվել է Երևան և ձեռնամուխ եղել նորաստեղծ հանրապետության մշակույթի զարգացմանը: Գրքարվեստի վերականգնման դժվարին առաքելությունը հանձն առնելով` կարողացել է փայլուն կերպով լուծել խնդիրը` դառնալով ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը: Այդ ժամանակների ամենաբարդ ու ամենահայտնի գործերից է եղել «Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան:

1934թ. Մոսկվայում բացվել է նրա ձևավորած գրքերի ցուցահանդեսը: 1940-ականներին ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, իսկ 1950-ականներին աշխատել է կերամիկայի և հախճապակու վրա: Աշխատանքերը ցուցադրված են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի, Երևանի պատկերասրահներում: Դեռ կենդանության օրոք ստեղծագործույունները ներկայացվել են Լոնդոնի, Ֆիլադելֆիայի, Փարիզի թանգարաններում: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ համատեղ ստեղծել է ՀՀ զինանշանը: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: 1973թ. Երևանում բացվել է Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը, ուր ցուցադրված են նկարչի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքները: