«Հանկարծ դռան մոտ եղած մարդիկ իրար խառնվեցին՝ մեկին ճանապարհ տալու համար․ Չարենցն էր»․ Կոմիտասի վախճանը

Կոմիտասը յուրահատուկ էր իր մտածողությամբ ու տեսակով։ Նա մեծատառով մարդ էր ու մեծագույն հայ։ Ռուբեն Զարյանը գրում է հետևյալը՝ մեծ վարդապետի հրաժեշտի արարողությունից։

«Կոմիտասի դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Այնտեղ էին Կոմիտասի ընկերները․․Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը ապակյա դիմաշրջանակին, որի տակ երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին ու լուռ հեռացավ»։

Հիշեցնենք, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած ողբերգության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ նաև ձերբակալվում ու աքսորվում է մեծ վարդապետը: Այդ արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։ Աղբյուրը՝ https://www.art365.am/։