Հռչակավոր ՀԱՅ, ում գործերը թարգմանվել են նույնիսկ ադրբեջաներեն և քրդերեն. լսե՞լ եք ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆՈՒ մասին, ով եղել է սովետական գրական առաջին խմբակի ՆԱԽԱԳԱՀԸ

Խոսքը իհարկե հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից, ԽՄԿԿ անդամ Ազատ Վշտունու մասին է:

Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916 թվականի մարտի 4-ի համարում։

Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուններով։ 1921 թվականին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։

Ազատ Վշտունին ծնվել է 1894 թվականի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911 թվականներին սովորել է Կոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարանում։ 1911 թվականին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914 թվականին մեկնել է Թիֆլիս։ 1918-1919 թվականներին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920 թվականներին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921- թվականին մեկնել է Իրան և Իրաք։

Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։

Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958 թվականի մարտի 26-ին Երևանում[2]: