ՀԱՅՈՒՀԻ, ով դարձավ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ցուցահանդես ունեցած ԱՌԱՋԻՆ կինը. աշխարհահռչակ «բոհեմի լուսանկարչուհու» տանը միշտ ՀԱՅԿԱԿԱՆ խավիար կար

Իդան ծնվել է 1908 թ., Ռուսաստանի Տամբով քաղաքում, Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Ութ տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Իրան, այնուհետև՝ Եգիպտոս։ Ալեքսանդրիայում Իդան սովորում է ֆրանսիական վարժարանում, ինչը բացում է նրա առջև Եվրոպայի դռները։ Հոր առաջարկով մեկնում է Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու:

Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի բժիշկ կդառնար Իդայի նման ռոմանտիկ ու նրբազգաց ներաշխարհով մարդը, որի աչքը որսում էր ավելին, քան հնարավոր էր տեսնել։ Փարիզում, սակայն, նա հասկանում է, որ բժշկությունն իրենը չէ, կիսատ է թողնում ուսումն ու սկսում է զբաղվել վոկալով, հետո նաև ջութակ նվագել է սովորում։ Ասում են, որ Իդան բավականին տպավորիչ ձայնային տվյալներ ուներ։

20-րդ դարի առաջին կես, Եվրոպա, Փարիզ, ավանգարդիստական միջավայր…  Արվեստում, գրականության մեջ իրենց ազատությունը փնտրող շատերի նման Իդան ևս սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ, բնականաբար, նա սատարում է հեղափոխական գաղափարներին, որոնք ազատության սահմաններն ընդարձակելուն, նորություն, թարմություն բերելուն էին ուղղված։ Իդան անգամ դառնում է Կուբայի հեղափոխության ջատագովներից մեկը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո, երբ իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, Իդան ոչ միայն այցելում է Կուբա, այլև լուսանկարում Ֆիդելին։

Իդան հանդիպում է իր առաջին ամուսնուն և նրանք հաստատվում են Լոնդոնում։ Ու այստեղ սկսվում է «բոհեմական լուսանկարչուհու» գործունեությունը:

Ժամանակակից ոչ մի հայտնի անուն չէր վրիպում Իդայի ֆոտոխցիկից ՝ գրողներ Սոմերսեթ Մոեմ, Ժան Պոլ Սարտր, Էժեն Իոնեսկո, Թոմաս Էլիոթ, ավանգարդ գեղանկարիչ Մարկ Շագալ, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուր, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչ և շատ ուրիշներ։ 1960թ.-ին Լոնդոնի խոշորագույն պատկերասրահներից մեկում կազմակերպվում է Իդա Քարի անհատական ցուցահանդեսը, որով նա դառնում է Մեծ Բրիտանիայում անհատական խոշոր ցուցահանդես անցկացրած առաջին կին լուսանկարիչը։

Իդա Քարն արևմտյան այն քիչ լուսանկարիչներից էր, որին թույլատրված էր մուտք գործել Խորհրդային Միություն և անգամ աշխատել միության տարածքում։ Հայաստանում նա եղել է երկու անգամ՝ 1957  և 1962թթ.-ին։ Այստեղ ևս Իդան լուսանկարում է հայտնի հայրենակիցներին՝ Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան, շախմատիստ Տիգրան Պետրոսյան։   

Հայրենիքում նրա հերոսները ոչ միայն հայտնի, այլև սովորական մարդիկ էին և նրանց առօրյան։ Իդան լավ խոսում էր հայերեն և ռուսերեն, հետևաբար, ի տարբերություն արևմուտքից եկած մյուս գործընկերների՝ Իդայի համար հասարակ մարդկանց հետ զրուցելը, նրանց իր հանդեպ տրամադրելն ու անկեղծության ճիշտ պահը որսալը խնդիր չէին: Հայաստանում արված լուսանկարները տպագրվում էին արտասահմանյան մամուլում: Արտերկրում ծնված և ամբողջ կյանքը հայրենիքից հեռու ապրած Իդան իր հարցազրույցներում հաճախ էր պատմում Հայաստանի ու հայերի մասին։ Նրա ընկերներից մեկը, խոսելով Իդայի մասին, մի առիթով պատմել է, որ չնայած աղքատությանը, նրա տանը միշտ հայկական խավիար կար։

Իդան մինչև կյանքի վերջը՝ 1974թ.-ը, ապրեց Լոնդոնում։ Այսօր նրա աշխատանքները պահպանվում են Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, որտեղ էլ մի քանի տարի առաջ կազմակերպվեց Իդայի աշխատանքների ցուցահանդեսը «Իդա Քար. բոհեմական լուսանկարչուհի» խորագրով։

Իդայի աշխատանքներն այնքան ուժեղ ազդեցություն են թողել արվեստի քննադատների վրա, որ շատերը համարում են, որ նաև Իդա Քարի մոտեցումների, աշխարհն ու մարդկանց լուսանկարներով ներկայացնելու «իդայական» կարողության շնորհիվ լուսանկարչությունը կերպարվեստի ճյուղ դարձավ: