«Փայլուն զինվոր էր, դիրքի ավագ, տիրապետում էր Ֆագոտ հակատանկային հրթիռային համակարգին». 20-ամյա ՀԵՐՈՍ Կարենը ընկավ՝ հաղթանակը սրտում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը զոհած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Կարեն Բենիկի Անտոնյան:

Մեր հերոս Կարենը կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ: Ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Գիտակցելով հայրենիքի առաջ ունեցած պարքը՝ Կարենը զորակչվում է բանակ 2019 թվականին: Վիճակահանությամբ՝ ծառայության է անցնում Ջարականի զորամասում:

Նա նվիրված ու զինվորական փայլուն գիտելիքների տեր զինվոր էր, տիրապետում էր Ֆագոտ հակատանկային հրթիռային համակարգին: Ու սեպտեմբեր 27-ը ազդարարում է 44-օրյա սարսափի սկիզբը, որը պիտի խլեր մեզնից մեր ամենաթանկերին:

Հերոս Կարենը հենց առաջին ժամերից առաջնագծում իր կռիվն է տվել: Ու պայքարելով օր ու գիշեր, մասնակցելով մի շարք թե մարտերի՝ Կարենը չի խնայում սեփական կյանքը և ընկնում է հերոսի մահով հոկտեմբերի 3-ին՝ հաղթանակը սրտում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: