ՀԱՅ, ում գործերը կարդում են աշխարհի տարբեր երկրներում, սակայն հայրենի երկրում նրան քչերը գիտեն. նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով և արժանացել մեծարանքի

Հայ բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Կորյունը (Կորյուն Գրիգորի Մկրտչյան) ծնվել է 1913 թվականի մայիսի 19-ին Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին ընտանիքի հետ գաղթել և բնակություն է հաստատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։

Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Տեմպերի հերոսները», հրատարակվել է 1932 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժին, որն ավարտելուց հետո նվիրվել է մանկավարժությանն ու մանկական գրականությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նոր եռանդով շարունակել է գրական գործունեությունը։

Հրատարակել է շուրջ հինգհարյուր առակ, որոնցից են` «Մարդն ու առյուծը», «Խոզն ու կարապը», «Տհասը», «Մեղուն», «Մարդու կոչումը», «Ագռավն ու իր ճուտը», «Ծիծեռնակն ու կկուն», «Աշխատասեր մրջյունը» և այլն: Եղել է բազմաժանր և բեղմնավոր հեղինակ։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։

Հետաքրքիր ձևով է գրել իր «Մեսրոպ Մաշտոցը ու հայոց տառերը» պոեմ-պիեսը, որտեղ տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր, կալմիկական «Ջանգար» էպոսը։

Հրատարակվել են նրա «Հատընտիր» (բանաստեղծություններ, 1976թ.), «Անմեղ կատակներ» (առակներ, 1980թ.), «Առակներ» (1973թ.), «Դպրոցական թատրոն» (պիեսներ, 1984թ.), «Թոռան և պապի աչքերով» (բանաստեղծություններ, 1986թ.), «Իմ ընթերցարանը» (առակներ և հեքիաթներ, 1971թ.), «Կամո» (վիպակ, 1958թ.), «Հանելուկներ» (1970թ.), «Մանկական աշխարհ ժողովածու» (1982թ.), «Վարք Մաշտոցի» (պոեմ-պիես, 1989թ.) գրքերը: Մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում: