Այս ՀԱՅԸ ուներ ԱՍՏԾՈՒՑ տրված պարգև․ ՆԱ գրեց և նկարազարդեց Ավետարանը, ստեղծեց այնպիսի ճարտարապետական կոթողներ, որոնք հիմա սրբությամբ են պահպանվում․

Հայ հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը ծնվել է Սյունյաց աշխարհում։ Ապրել ու գործել է XIII-XVI դարերում: Նրա լավագույն գործը 1302թ. Ավետարանի նկարազարդումն է: Անսովոր փոքր չափերով ձեռագրում վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն:

1331թ. մի ձեռագրի հիշատակարանում վկայել է, որ 1307թ. տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել է միայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր: Լավագույններից են իշխանուհի Թամթա խաթունի պատվիրած 2 խաչքարերը (1308թ.), որոնցից մեկը պահվում է Էջմիածնի գանձատանը, մյուսը` վեհարանում:

Իր քանդակներում ներառել է հայոց գրերը, ստեղծել «հայկական առաջին արաբեսկները» (բարդ նախշ` երկրաչափական և բուսական մոտիվների համադրմամբ, տարածված էր հատկապես արաբական երկրներում): Նրա ճարտարապետական գործերից միայն Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին (1321թ.) է վավերացված Մոմիկի անունով: Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ. Գրիգոր փոքր (1295թ.) և Եղեգիսի Զորաց եկեղեցիները: Մահացել է Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում: Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010թ.` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ: