ՄԵԾԱՀՌՉԱԿ ՀԱՅ, ով դարձավ ՀԱՅ մշակույթի ՊԱՀԱՊԱՆԸ և պայքարեց դրա վանդալիզմի դեմ. Փարիզի հենց կենրոնում գործում է ՆՐԱ անունով ընկերություն

Գեորգի Բոգդանի Յակուլովը հայ անվանի նկարիչ է, ում անունը գուցե քչերը գիտեն, բայց պարտավոր են իմանալ: Գեորգին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893-1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում (1901-1903)։ 1903 թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։

1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914)։

Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։ Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։ Հակադրվելով «Միր իսկուստվա» խմբավորման վարպետներին՝ մշակել է նոր սկզբունքներ, ընդգծել ճարտ. դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը բեմանկարչության մեջ, որը համարել է կոնստրուկտիվ ոճ։ Մոսկվայի ցուցադրական թատրոնի մի շարք բեմադրություններում (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1921, ևն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, մեծ տեղ հատկացրել ռիթմիկ հնչողությանը։ Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը։

1914 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի։ 1917 թվականին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին։

1918 թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո» (1925) ներկայացումները։ 1919 թվականին Սերգեյ Եսենինի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան։ Յակուլովը Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, Սերգեյ Պրոկոֆև «Պողպատե ցատկ» (1927, Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ Յակուլով)։

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատեր. թանգարանում։

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1959, 1967, 1975, 1984), Մոսկվայում (1975)։ 1964 թվականից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերություն։