«Սարոյանը ուրիշ հայացքով էր մարդկանց նայում, նա զորեղ ՀԱՅ էր, ում մոռանալն անհնար է»․ մի հետաքրքիր պատմություն

Վիլյամ Սարոյանի կյանքից մի հետաքրքիր հատված։ Մի օր սրճարաններից մեկում սրճելու ժամանակ Վիլյամ Սարոյանը խնդրում է Գյուլերին, որ պատմի իր ընտանիքի, իր հետ տեղի ունեցածի մասին։ Գյուլերը պատմում է հոր՝ Տաճատ Գյուլերի մասին։ Նա պատմում է մահվանից առաջ իրենց ծննդավայր գնալ ցանկացող հոր, ճանապարհորդության, այնտեղ տեսածների, վերադառնալուց հետո տեղի ունեցածի, հոր թաղումից առաջ կատարվածի մասին․․․ Արցունքոտ աչքերով Սարոյանը Գյուլերին ասում է․ «Քո հայրիկի պատմությունը շատ լավ պատմվածք կդառնա։ Գուցե գրեմ»։

Տարիներ անց Արա Գյուլերն ուրախությամբ է պատմում այդ փոքրիկ հանդիպման մասին, որն անմոռանալի հետք էր թողել իր կյանքում։ 1975 թ․ իր ցուցադրության կատալոգը պատրաստելիս՝ Վիլյամ Սարոյանի լուսանկարի տակ այս տողերն է գրել․ «Ճանաչու՞մ եք ձեր թաղամասում ապրող փոքր մարդկանց։ Օրինակ՝ եթե Իսպանիայում եք, ձեզ հարևան կոշիկ փայլեցնողին, Փարիզում՝ Ռու լա Ֆայետի անկյունում գտնվող կաշեգործին կամ Կոպենհագենում՝ պաղպաղակ վաճառողին․․․

Եթե դուք նրանցից որևէ մեկին չեք ճանաչում, Սարոյանը բոլորին ճանաչում է։ Այն էլ՝ իրենց ամբողջ ներաշխարհով․․․ Նա ծնվել է Ֆրեզնոյում, բայց համայն աշխարհին պատկանող մարդ է եղել։ Նրա հայացքով մարդկանց նայելը աշխարհը երկրորդ անգամ ուսումնասիրելուց ավելի գերադասելի է, քանի որ Վիլյամը մեզ սովորեցնում է, որ ամենափոքր բանը ամենակարևորն է»։ Շուշան Մարուքի հոդվածից։