«Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է». գիտե՞ք, թե ինչ արեց Փարաջանովը, որից հետո Շիրազը նման բան ասաց

Չնայած որոշ «հեռատես» մարդկանց հորդորներին, թե Շիրազին Թիֆլիս՝ սայաթնովյան վարդատոնին տանելը կարող է «գլխացավանք» դառնալ, ես (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) բանի տեղ չդրի և երեք տարի անընդմեջ նրան ընգրկում էի Թիֆլիս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Շիրազը ոչ միայն գլխացավանք չէր դառնում, այլև զարդարում էր մեր պատվիրակությունը: Նրա ելույթները, քիչ է պատկերավոր ասելը, իմաստուն էին՝ թաթախված հայ-վրացական բարեկամությամբ: Էլ չեմ խոսում նրա ժողովրդականությունից, որ, երբ երևում էր, Թիֆլիսի հայ և վրացի հասարակությունը ալիքվում էր ծովի նման:

Իր ելույթի հաջողությանը եթե կասկածեր.

— Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ կամ ընձի չափ մեծության  բանաստեղծ ունի՞ն…

— Քեզնից լավ դժվար թե ունենան, բայց քեզ պես բանաստեղծ ունեն…

—  Յա՜…, էդ ո՞ր մեկն է, ըսա…

— Իոսեբ Նոնեշվիլին… Չգիտեմ՝ քեզնից մեծ, թե՝ փոքր, բայց քեզ նման ժողովրդական է, վրացիների սիրելին, այնպես որ՝ սիրելի՛ Շիրազ, պատրաստվիր նրա հետ մեջլիս մտնելու…

— Լավ կըսես, Մկրտի՛չ, դու ընձի համոզե, որ էն ընձնեն մեծ բանաստեղծ է, որ կատաղեմ, նախանձեմ ու ինքս ընձի և հետո նրան գերազանցեմ…

shiraz parajanov

Իսկապես, մեջլիսը կայացավ: Շիրազն իսկապես իր մրցակից ընկերոջը հաղթեց: Ինքն էլ դա զգաց ժողովրդի անզուսպ ցնծությունից: Երեխայի նման ուրախացավ.

— Սազ որ ունենար, պտի ընձի տար, չէ՜… Հաղթե՜լ եմ…

Հետո կատարվեց ավելի հետաքրքիր միջադեպ: Իջնում էինք ամբիոնից, ժողովուրդը բացեց կենդանի միջանցք, որով քայլեցինք դեպի մեքենաները: Սուրբ Գևորգի պարսպի դռանն անակնկալ կերպով հայտնվեց կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և խոնարհվեց Շիրազին: Համբուրեց բանաստեղծի աջը: Նայեցի՝ Շիրազի աչքերը հուզմունքից թաց էին: Հետո մեքենայի մեջ երկար լռությունից հետո խոսեց.

— Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է…

Աղբյուրը՝ yerkir.am