«Ապա՜, բալամ, քո աշխարհ գալու օրը ես «տատմորը» կես ոսկի պաշխել եմ տվել». գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողի ՀԱՅՐՆ է նման բան ասել

Այո, Վահրամ Ալազանի։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում ամբողջական տարբերակը։

– Ակեջկլես, Աչքդ լյոս, ուստա Մարտիրոս, էսօր Աղավնի խաթուն քե խամար մեկ խաթ ոսկեբռչամ լաճ ի պիրե, լաճ …
«ՏԱՏՄԵՐԸ» (ժողովրդական մանկաբարձուհի), վերոհիշյալ խոսքերով է դիմավորել աշխատանքից տուն վերադարձող ուստա Մարտիրոսին։ Վերջինս ձեռքը տանելով իր փորի վրա կապված հաստ շալին, նրա ծալքերից դուրս է քաշում քսակը և նրա միջից հանելով «տատմոր» ափի մեջ է դնում տաճկական կես ոսկիանոցը։
Այս մասին, հետագայում, ինձ շատ է պատմել հայրս, վերջում ավելացնելով. «Ապա՜, բալամ, քո աշխարհ գալու օրը ես «տատմորը» կես ոսկի պաշխել եմ տվել»։ Ինչպես կռահեց ընթերցողը, այդ «ոսկեբռչամ լաճը» ես եմ եղել։
Իմ մանկությունն անց է կացել Վան քաղաքի «Այգեստաններ» թաղամասի Խանիկյան փողոցում։ Այդ փողոցը Խանիկյան էր կոչվում, հավանաբար նրա համար, որովհետև փողոցում ապրում էին Խանիկյան ազգանունով մի քանի ընտանիքներ։
Միակ բանը, որ անջնջելի է մնացել իմ մանկական հուշերում, դա մեր տան կից գտնվող այգին էր իր բազմաթիվ պտղատու ծառերով, որոնց մեջ արժեքավոր էին «մալաչա», «մալաղեկ» տանձերի և «դալասլի» խնձորի ծառերը։
Խիստ ուշագրավ էր մեր այգում գտնվող ծաղկանոցը իր բազմագույն ու բազմաբույր ծաղիկներով։ Ծաղկանոցը շրջապատված էր գույնզգույն վարդերի թփերով, որի շնորհիվ սոխակները միշտ հյուր էին գալիս մեր ծաղկանոցին, և գուցե այդ էր պատճառը, որ իմ անդրանիկ բանաստեղծության նյութը վարդն ու սոխակն են, բայց այդ մասին քիչ հետո։
Չնայած իր ամենօրյա ֆիզիկական ծանր աշխատանքին, մեր ծաղկանոցը ցանում մշակում և աճեցնում էր հայրս, ինքը։
Մանկության օրերից աչքս բացելով այդ բազմատեսակ ծաղիկների վրա, ամբողջ կյանքումս ես շատ եմ սիրել ծաղիկներ։