«Տղաս վազելով եկավ, փաթաթվեց ինձ ու ասեց՝ ես գերի եմ, ինձ բաց են թողել»․ 20-ամյա ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅԻ մայրը հավերժ սպասելու է որդուն

48-ամյա Աիդա Գաբրիելյանը հաճախ է գնում որդու գերեզման, զրուցում, սակայն հոգու խորքում հույս է փայփայում, որ որդին մահացած չէ, ասում է՝ «Սպասում եմ, կարող ա գերիների մեջ լինի, բաց թողնեն, մի հրաշք լինի»։

Աիդայի որդին՝ 20-ամյա սերժանտ Սերգեյ Գաբրիելյանը, ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել, հակառակորդի դեմ կռվել Մարտակերտում, այնուհետև տեղափոխվել Մարտունի՝ Ճարտար։

Ընտանիքի հետ Սերգեյը վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին, մորն ասել՝ արխայի՛ն մնա, մեր մոտ ապահով ա, մենք դուխով կռվում ենք, հաղթելով կգանք։ «Ասեց՝ մամա՛, չթուլանաս, ոնց ուղարկել ես՝ նենց էլ կգամ»,- հիշում է մայրն ու արցունքների միջից հավելում՝ երկու օր անց տեղի է ունեցել ողբերգությունը:

Աիդան պատերազմի թեժ օրերին որպես մայրապետ է աշխատել Ստեփանակերտի հոսպիտալում, օգնություն ցույց տվել վիրավոր զինվորներին։ Ասում է՝ հոկտեմբերի 30-ից սկսեցին Մարտունուց բազմաթիվ վիրավոր զինվորներ բերել։ Վիրավոր զինվորների հետ զրույցներից էլ հասկացել է, որ որդու հետ մի բան կատարվել է։

«Տարբեր բաներ էին պատմում. երկու հոգի ասեցին՝ տեսել ենք, ինքը լավ կռվում ա, ինքն ա մեզ հանել, ասեցին՝ տեսքով փոքր ա, բայց շատ ճարպիկ ա, չեք պատկերացնի՝ ո՛նց ա փոքր մարմնով կռվում։ Հետո ահագին վիրավորներ բերեցին, ասեցին՝ հեսա իրան էլ կբերեն, հետո ասեցին՝ չուզեց գալ, վերքը թեթև էր: Մի տղա էլ եկավ՝ մորքո՛ւր ջան, էդ տղան ձեր ի՞նչն ա, ասեցի՝ ի՛նչ կապ ունի: Մտածեց, թե բուժքույր եմ, ուղղակի հետաքրքրվում եմ, ասեց՝ զոհվել ա, ես վատացա։ Բայց ես չէի հավատում, որովհետև տարբեր բաներ էին ասում»,- պատմում է մայրը։

Գաբրիելյանները շարունակել են փնտրել որդուն ամենատարբեր վայրերում, պատերազմի ավարտից 2 ամիս անց իմացել են որդու զոհվելու մասին և գտել մարմինը:

«Զինվորներից մեկը պատմեց, որ Սերգեյը ոտքերից վիրավոր ա եղել, էդ տղան փորձել ա օգնել Սերգեյին, հետո ինքն էլ ձեռքերից ա վիրավորվել, չի կարողացել Սերգեյին տանի: Տղես ասել ա՝ ինձ թող, շուտ դուրս արի ստեղից, կասես՝ ինձ ստեղից հանեն… բայց չէին հանել։ Դեկտեմբերի 31-ին մտան էդտեղ, որտեղ էդ տղեն թողել էր, էդտեղից էլ գտել են»,- հուզմունքով ասում է Աիդան։

Աիդան ասում է՝ չորս  երեխա ունի, բայց Սերգեյը բոլորից տարբերվում էր, առանձնանում իր վերաբերմունքով, ուշադրությամբ, հոգատարությամբ։

Սերգեյը որոշել էր բանակից վերադառնալուց հետո հացի փռի բիզնես դնի, ընտանիքի համար տուն գնի, որ հանրակացարանում չբնակվեն․ «Ինքը դպրոցական տարիքից հացի փռում էր աշխատում, սիրահարվել էր հացի փռին, ասում էր՝ գալու եմ, հացի փուռ եմ բացելու։ Ասում էր՝ ես մամային պիտի հանրակացարանից դուրս հանեմ, գամ, տուն առնեմ»։

Աիդան ասում է՝ հոգատարությունից ու ուշադրությունից բացի որդին սիրում էր անակնկալներ անել, մայրը չի մոռանում իր ծննդյան օրը՝ 2020-ի սեպտեմբերի 8-ը, երբ որդին նվեր էր ուղարկել բանակից, ուշ ժամի էլ անակնկալ տուն եկել։

«Իմ դիմանկարն էր ուղարկել, վրան գրված՝ «Զինվոր որդու կողմից»։ Գիշերը 12-ն եղավ, հյուրերը գնացել էին, տեսա՝ մեկը դուռը թակում ա, բացեցի, տեսա՝ երեխաս ա, փախել եկել էր… Ասել էր՝ ես պետք ա անպայման գնամ, մամային տեսնեմ։ Աղջիկս էլ վիդեոներ ա արել, նայում եմ, նենց եմ կարոտում իրան»,- ցավով ասում է մայրը։

Աիդան ասում է՝ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ որդին զոհվել է:

«էսօր էլ մեծ աղջիկս եկավ, ասեց՝ երազ եմ տեսել, Սերգեյը վազելով գալիս էր, սկզբում՝ քեզ փաթաթվում, հետո՝ ինձ, ասում էր՝ ես գերի եմ, ինձ բաց են թողել։ Չգիտեմ, սպասում եմ»,- ասում է մայրը։

Սերգեյ Գաբրիելյանը հուղարկավորված է Ստեփանակերտի պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

MediaLab.am