Միայն իմանաք՝ ինչ նպատակով էր ֆրանսիական գրականության ականավոր ներկայացուցիչ Լ. Արագոնը Դ. Դեմիրճյանին նամակ գրել. արդյո՞ք համաձայնեց ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

1956 թ. մարտի 8-ին ֆրանսիական գրականության ականավոր ներկայացուցիչ և հասարակական գործիչ Լուի Արագոնը Դ. Դեմիրճյանին նամակ է գրում, որով տեղեկացնում է, որ իրենք` ֆրանսիացիները, ցանկանում են ֆրանսերեն թարգմանել «Վարդանանք» պատմավեպը: Ինչպես խոստովանում է Դեմիրճյանը, պատասխանել է ուշացումով: Դեմիրճյանի արխիվում պահվում է Արագոնի ֆրանսերեն նամակի մեքենագիր երկրորդ օրինակը և նույնի հայերենը: Արագոնի նամակը կրճատումներով թարգմանված է հայերեն և զետեղված Դեմիրճյանի «Երկերի ժողովածու»-ի XIV հատորում: Ստորև ձեզ են ներկայացնում այս երկու նամակները:

«Թանկագին Դերենիկ Դեմիրճյան.

Փարիզի գրական-գեղարվեստական գործակալությունը, որ այստեղ Ֆրանսիայի միավորված հրատարակիչների համար պատրաստել է տալիս սովետական գրքերի թարգմանությունները, իմ խորհրդով` իր ծրագրի մեջ մտցրել է Ձեր «Վարդանանք» վեպը: Մեժկնիգան խոստացել էր ուղարկել հայերեն տեքստը, բայց, փոխանակ Ձեր գործի մի օրինակի, ուղարկել է նրա մանրաժապավենը:

Մենք հնարավորություն ունենք այստեղ` Փարիզում թարգմանել ուղղակի հայերենից. թարգմանիչներ ունենք:

Ես կարծում եմ` այսպիսի դեպքում միշտ ավելի լավ է դիմել հեղինակին: Շատ շնորհակալ կլինեմ, եթե բարեհաճեք Ձեր վեպից անձնապես ինձ ուղարկեք մի օրինակ (Արագոն, Սուրդեր փողոց, № 18, Փարիզ): Այսպիսով` ես հնարավորություն կունենամ անձամբ հետևելու այդ գործին: Այս հարցը իմ սրտին մոտ է, և ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ֆրանսիական հասարակությանը ծանոթացնել Ձեզ նման մի գրողի:

Հավանաբար, լսած եք, որ վերջերս «Սովետական գրականություն» խորագրով մի գիրք եմ հրատարակել, որտեղ շատ երկար խոսել եմ հայ գրականության մասին: Եվ, պետք է ասել, որ Ֆրանսիայում գրքի հատկապես այդ գլուխը մեծ շահագրգռություն ու հետաքրքրություն է առաջացրել:

Ես կարծում եմ, որ ընդհանրապես իրենք` գրողները, իրենց գործերն ավելի լավ են վարում, քան երբ գործին միջամտում են առևտրականները:

Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես Ձեզ գրում եմ որպես գրող, և գրում եմ նրա համար, որ հետաքրքրվում եմ Ձեր գործով և հայ գրականությամբ: Հաճեցեք ընդունել, թանկագին ընկեր, իմ հիացմունքի արտահայտությունն ու եղբայրական ողջույնը:

ԱՐԱԳՈՆ»։

«Լուի Արագոնին

Սիրելի ընկեր Արագոն,

Ես պատիվ ունեմ ստացած լինելու Ձեր նամակը, որով Դուք ինձ հաղորդում եք Ձեր ցանկությունը` ֆրանսերեն թարգմանել իմ «Վարդանանք» պատմավեպը:

Մեծ հաճույքով է, որ շտապում եմ կատարել Ձեր խնդրանքը, Ձեզ առաքելով նրանից 2 օրինակ, որոնցից մեկը Ձեզ է նվիրված, մյուսը` թարգմանչին:

Ձեր նախաձեռնությունն ինձ այնքա՜ն ուրախացնում է ոչ միայն որպես հեղինակի (ինձ բնականաբար հաճելի է տեսնել իմ երկի թարգմանությունը): Այն ինձ ուրախացնում է նաև այն պատճառով, որ ֆրանսիացի ընթերցողներին ծանոթացնում է հայ ժողովրդի հերոսական անցյալին, նրա մղած սրբազան և կատաղի պայքարին ընդդեմ կեղեքիչ թշնամիների: Եվ եթե իմ վեպը ավելի շատ է կարդացվում և պահանջվում շատ ընթերցողների կողմից, այդ պետք է վերագրել ոչ իմ անձնական արժանիքին. այդ, ավելի շուտ, իմ հերոսական ժողովրդի վաստակն է:

Մեկ անգամ ևս Ձեզ շնորհակալություն հայտնելով այն հետաքրքրության համար, որ տածում եք իմ հանդեպ, հուսով եմ, որ Դուք ինձ տեղյակ կպահեք կատարվող աշխատանքներին:

Ընդունեցեք, սիրելի կոլեգա, իմ եղբայրական զգացմունքի հավաստիքը:

Դ. Դեմիրճյան

P. S. Ճիշտ է, որ «Վարդանանքը» թարգմանված չէ ռուսերեն: Այն կհրատարակվի այս տարվա մայիս ամսին:

Դ. Դ.»։

Դ.Դեմիրճյան «Երկերի ժողովածու», XIV
Նյութը պատրաստեց Ք.Ա.-ն