«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ». 2 դեպք գրողի կյանքից, որոնք վկայում են այդ մասին

Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ: Իր աշխատասենյակի պատին արագիլների ընտանիքի լուսանկար էր փակցրել։ Գրողի հարազատները պատմում են, որ, երբ նեղված էր լինում, նայում էր այդ լուսանկարին ու լավանում։ Լուսանկարը ևս ունի հետաքրքիր մի պատմություն։ Խորհրդային տարիներին Դեմիրճյանը հանդիպման է եղել գյուղի աշխատավորների հետ և հանդիպման ժամանակ, երբ հոգնել է ճառերից, խնդրել է, որ ճառասացությունների փոխարեն՝ լուսանկարիչ գա և լուսանկարի արագիլների այդ ընտանիքին, և լուսանկարը նվիրեն իրեն։

Նաև մի ուրիշ պատմություն կա այն մասին, որ ժամանակին, երբ Դեմիրճյանի տան դիմացը բաց է եղել և փողոցը տեսանելի է եղել, նա լուսամուտից նայելով՝ տեսել է, որ մի գյուղացի ավանակին բարձած բերել է քաղաք, որպեսզի ապրանքը վաճառի։ Դեմիրճյանը մտածել է, որ ավանակը քաղցած կլինի, և տան անդամներից մեկին գումար է տվել ու խնդրել, որ գազար առնի ու կերակրի ավանակին։ Դեմիրճյանը պատուհանից երկար նայել է այնքան ժամանակ, մինչև ավանակը կերել է գազարն ու կշտացել։