Գիտե՞ք՝ ով էր այն հայ մեծ գրողը, որն անգամ չէր համարձակվում իր կենդանիների կորուստն անվանել «սատկել», այլ ասում էր․ «Իսկ երեկ նրանք մահացան». եկեք պարզենք

Դե իհարկե, Դերենիկ Դեմիրճյանը:

«Դեմիրճյանը հայտնի էր իր կենդանասիրությամբ։ Իր բնակարանում ապրում էին 4 կատու և Զանգի շունը։ Ասում են, որ Դեմիրճյանը կատուներին կոչել է իր սիրած կանանց անուններով՝ Շառլոտա, Էլեոնորա, Մարան և Օֆելյա։ Այդ կատուների մասին Դեմիրճյանը խոսել է նաև իր նամակներում և գրառումներում։ Էլեոնորայի և Շառլոտայի հետ լուսանկարներ ունի։ Կատուներից Էլեոնորային բնութագրում են՝ որպես ագրեսիվ կատու, իսկ Շառլոտային՝ դաստիարակված կատու։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին, և հենց այդ պահին էլ արվել է նրանց լուսանկարը։ Նա հոգատար էր կենդանիների նկատմամբ այնպես, ինչպես մարդկանց նկատմամբ։

Տարածքի հնաբնակները պատմում են, որ նա հոգատար է եղել նաև բակի կատուների նկատմամբ․ տան կատուները պատրիկներն էին, իսկ բակինը՝ պլեբեյները։ Անգամ պատերազմի ծանր տարիներին նրանք կերակրում էին բակի կենդանիներին։ Դեմիրճյանը մեծ հետաքրքրություն է ունեցել կենդանաբանական այգու նկատմամբ, և կա պահպանված մի լուսանկար, որում պատկերված են Դեմիրճյանը, գրականագետ Արսեն Տերտերյանը և կենդանաբանական այգու հիմնադիր Արտավազդ Սարգսյանը, ովքեր լուսանկարվել են հենց այգում՝ վանդակների դիմաց։

Թերևս, այս պատմություններից ամենասիմվոլիկն ու հետաքրքրականը Դեմիրճյանի կատուներ-սիրուհիներ պատմությունն էր։ Համաշխարհային գրականության ու արվեստի մեջ կին-կատու զուգահեռները միշտ են տարվել, իսկ Դեմիրճյանի մոտ կատուները կենդանիներ լինելուց զատ՝ կարծես թե իրական մարդիկ լինեին։ Թերթելով Դեմիրճյանի նամակները՝ տեսնում ենք, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել նա, երբ կորցրել է իր 2 կատուներին։ Մասնավորապես Մարիա Դեմիրճյանին ուղղված նամակում մեծ գրողն արտահայտել է իր ամբողջ վիշտն ու ցավը։

«Մարիա Դեմիրճյանին։ Երևան, 1955 թվականի նոյեմբերի 26

Ստիպված եմ քեզ գրել մի դժբախտության մասին և տխրեցնել քեզ․ այլևս չկան մեր սիրելի կատուները՝ մայրը և Օֆիկը։ Թունավորվեցին կամ թե հիվանդացան ժանտախտով․․․

Ինձ հատկապես վրդովեցնում է, որ ինձ խանգարեցին պարզելու բանի էությունը, որ կարողանայի փրկել նրանց։ Բանն այսպես էր։ Նատան հավաքում է սենյակս և այնտեղ նկատելով անմաքրություն՝ բարկանում է և սպառնում, որ կոչնչացնի դրանց։ Եվ նա երդվում է, որ դա, իրոք, պատահականություն, զուգադիպություն է եղել․ ես նկատեցի, որ Օֆիկը և մայրը տանջվում են, ընկնում են գետին և մլավում։ Ես անմիջապես գլխի ընկա, որ նրանք թունավորվել են։ Ժանտախտի ախտանիշներ չկային։ Ես Նատային նկատողություն արեցի, և նա, որպեսզի ինձ համոզի, որ իմ կասկածները սխալ են, և վերջապես՝ կատուներին օգնելու համար, նրանց հիվանդանոց տարավ։ (Նրանք կերել էին ձկան պահածո․ ես բանկան չտեսա․․․ այստեղ ինչ-որ բան պարզ չի)։

Հիվանդներին պառկեցնում են և ասում․ «Վաղվա համար մածուն բերեք»։ Իսկ երեկ նրանք մահացան։ Իրենց բուժելու անկարողությունը նրանք ծածկում են՝ ասելով, թե հիվանդությունը ժանտախտ էր։

Դե՛ հիմա խոսակցություններն անօգուտ են։ Բնակարանն այնպես դատարկ է, այնպես թախծալի, որ չես կարող երևակայել։ Հարությունն ասում է, որ կոնսերվացված ձուկը, ինչպես և ամեն տեսակի ձուկ, կատուների համար թույն է։ Չեմ հավատում։ Երկար տարիներ դու նրանց կերակրում էիր կոնսերվացված ձկով»: (Դերենիկ Դեմիրճյան երկերի ժողովածու, հատոր 14-րդ, Երևան, 1987)։

Այսպիսին էր նախորդ դարի հայ մեծ գրողներից մեկը, ով անգամ չէր համարձակվում իր կենդանիների կորուստն անվանել «սատկել», այլ ասում էր․ «Իսկ երեկ նրանք մահացան»։ Ու տեսականորեն ժամանակակից հայ մարդը շատ բան ունի սովորելու նախորդ դարի մեծերից, ովքեր լաց էին լինում անգամ սեփական կենդանու կորստի համար։ Եվ այդ մարդիկ էին, որ կարողացան կրթել ու դաստիարակել մի ամբողջ ժողովրդի, որոնց հիմա մենք կամ մոռացել ենք, կամ էլ չգիտենք․․․․