ՀԱՅ օպերայի և բալետի թատրոնի ԼԱՎԱԳՈՒՅՆ մեներգիչը, ում ձայնը հնչել է ողջ ԽՍՀՄ-ում և աշխարհի ՄԵԾ ԲԵՄԵՐՈՒՄ. ո՞ր ՀԱՅ գրողի որդին է նա

Հայ խորհրդային երգիչ (բաս), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Նար Միքայելի Հովհաննիսյան այսօր գուցե քչերին է հայտնի: Նա Նար-Դոսի որդին է։

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան)։ 1931-1937 թվականներին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945-1951 թվականներին՝ մեներգիչ։ 1951 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 

Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնն առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում։ Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Ներսես, Հոր-հոր աղա (Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում») և այլն։ 

1954-1963 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ)։ ՀԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1941 թվականի հունիսի 24-ին Նար Հովհաննիսյանը կամավոր, որպես Սևծովյան հատուկ զորամասի շարքային զինվոր հիտլերյան հրոսակների դեմ մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Կերչի, Սևաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը։ 1943 թվականին Հովհաննիսյանը ծանր կոնտուզիա է ստացել, տեղափոխվել է հոսպիտալ, այնտեղից էլ՝ Մոսկվա։ Մարտական սխրանքների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով՝ երկու անգամ, Մարտական ծառայության համար, Սևաստոպոլի պաշտպանության համար, Կովկասի պաշտպանության համար և բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։

Պարգևներ

  • Լենինի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ