ՀԱՅ, ով դարձավ ՀԱՅԿԱԿԱՆ առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի ՀԱՅՐԸ. «Նամուս», «Պեպո» կամ ՆՐԱ այլ ո՞ր ֆիլմերն եք դիտել

ՀԱՅ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Համբարձում Միսակի Խաչանյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Սիմֆերոպոլ։ Այստեղ ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները, այնուհետև ուսանել է տեղի ռուսական քաղաքային դպրոցում, որը հոր մահից հետո թողել է անավարտ, և ապա հետագայում ավարտել էքստերն կարգով։ 

Սափրիչ Միսակը, ով նաև թատերական կեղծամներ պատրաստող էր, որդուն հաճախ է տարել թատրոն՝ նրա մեջ արթնացնելով սեր դեպի բեմն ու թատրոնը։ Եվ շուտով պատանի Համբարձումը դառնում է աշակերտական ներկայացումների մասնակիցը Եկատերինոդարում (Կրասնոդար), ուր միաժամանակ ապրել է Խաչանյանների ընտանիքը։ Տարիների հետո Համբարձումը ստանում է նաև մասնագիտական կրթություն։ Նա 1917 թվականին գերազանց գնահատականներով ավարտում է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան։ 1919 թվականին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան։

Խաչանյանը դառնում է դերասան՝ Բաթում, Սուխում, Կրասնոդար, Սիմֆերոպոլ և այլ քաղաքներում հանդես գալով ռուսական, երբեմն նաև հայկական թատերախմբերի հետ։ Հենց Բաթումում խաղալիս էլ, 1922 թվականին, նրան տեսնում ու գնահատում է Վահրամ Փափազյանը և երիտասարդին իր հետ բերում Երևան։ Խաչանյանը դառնում է Առաջին պետթատրոնի դերասան: Խաչանյանը հայկական առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։

1922 թվականից աշխատել է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում (Առաջին պետթատրոն) (1933-1935 թվականներին՝ Երևանի բանվորական թատրոնում)։ 1925 թվականից նկարահանվել է Հայկինոյում։ Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստ Խաչանյանին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում։

Խաղացած դերերը կինոյում

  • 1925 — Բադալ՝ «Նամուս»
  • 1926 — Խդո՝ «Զարե»
  • 1926 — Շոր՝ «Շոր և Շորշոր»
  • 1927 — ծառա՝ «Չար ոգի»
  • 1927 — վարչապետ՝ «Խասփուշ»
  • 1928 — Կարմիր բանակային՝ «Հինգն էլ խնձորին»
  • 1930 — դռնապան՝ «Կիմը հերթապահ»
  • 1931 — Կիկոս՝ «Կիկոս»
  • 1932 — Ստեփանյան՝ «Անբանը»
  • 1932 — Խեչան՝ «Մեքսիկական դիպլոմատներ»
  • 1933 — դպրոցի պահակ Խաչան՝ «Լույս և ստվերներ»
  • 1935 — Դարչո՝ «Պեպո»
  • 1938 — հայր Պողոս՝ «Սևանի ձկնորսները»
  • 1940 — Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»