«Առաջին ժամերից ՀՈՐ ՀԵՏ միասին թեժ պայքար էր մղում առաջնագծում». ՀԵՐՈՍ Արթուրը սեփական կյանքի գնով փրկել է զինակիցներին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Արթուր Հակոբի Սուլեյմանյան:

Մեր հերոս Արթուրը պայմանագրային զինծառայող էր: Ծնվել է 1996 թվականին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Նա ընտրել էր հայրենիքի սահմանները պաշտպանելու սուրբ գործը ու պայմանագրային զինծառայության անցել: Արթուրը կանգնեց իր հայրենիքի կողքին, երբ պահը եկավ՝ չխնայելով անգամ սեփական կյանքը:

44-օրյայի հենց առաջին ժամերից նա հոր հետ միասին թեժ պայքար էր մղում առաջնագծում: Ամենաթեժ կետերում կռվելուց հետո այդ անիծված օրը՝ հոկտեմբերի 23-ին, Վարանդայի մարտերում ընկնում է նաև Արթուրը՝ սեփական կյանքի գնով փրկելով զինակիցներին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: