«Ընդամենը 2 ամիս առաջ Հուլիսյան մարտերում ցուցաբերած քաջության համար պարգևատրվել էր անհատական զենքով». ՀԵՐՈՍ Լավրենտը 2 երեխաների ՀԱՅՐ էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին.  Լավրենտ Խորենի Համբարյան:

Մեր հերոս Լավրենտը պայմանագրային զինծառայող էր: Ծնվել է 1992 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Հրաշք ընտանքի ուներ, 2 երեխաների հայր էր, բայց պատերազմը հեռու տարավ փոքրիկներից իրենց հորը:

44-օրյան Լավրենտի առաջին պատերազմը չէր, ընդամենը ամիսներ առաջ Հուլիսյան մարտերում ցուցաբերած խիզախության ու քաջության համար նա պարգևատրվել էր անհատական զենքով:

Այս անգամ էլ Լավրենտը կանգնեց տղերքի կողքին ու մասնակցեց ամենաթեժ մարտերին: Պատերազմի արհավիրքի դեմ մինչև հոկտեմբերի 8-ը կռիվ տալուց հետո Լավրենը նույնպես միացավ անմահ տղերքին՝ զոհելով կյանքը:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: