«Ասացեք Արմենակին՝ չնստի-մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա՝ ձայնը մշակելու». Գիտե՞ք թե ինչու էր ԿՈՄԻՏԱՍԸ զայրացել իր աշակերտ Արմենակի վրա, ով այդ ժամանակ բանտում էր. (տեսանյութ)

Արևմտյան Հայաստանում սկսվել էին համիդյան ջարդերը, և սուլթանական վայրագությունների դեմ թիֆլիսահայության մեջ բողոքի ալիք էր բարձրացել, որի եռանդուն մասնակիցներից մեկը դարձավ հայ օպերային երգիչ, տենոր Արմենակ Շահմուրադյանը։ Ցարական ոստիկանությունը ձերբակալում է նրան և նետում Մետեխի բանտը և ապա որպես թուրքահպատակի՝ հանձնում է թուրքական կառավարությանը։ Բանտից բանտ փոխադրվելով նա հասնում է մինչև Կարս, ուր մնում է ութ ամիս։ Այդ օրերին Արմենակի միակ սփոփանքը երգն էր, որով նվաճում էր հսկիչների բարյացակամությունը և բախտակիցների սերը։

Նրա երգը թռչում է բանտի պատերից և հասնում թուրք հյուպատոս Ֆուադբեյին, որն էլ նրան ազատ աքսոր է ուղարկում դեպի հայրենի Մուշ, որտեղ երկու տարի Սուրբ Կարապետի Ժառանգավորաց վարժարանում ուսուցչություն անելուց հետո փոխադրվում է Կարին (Էրզրում), ուր չորս տարի տեղի երկսեռ վարժարանում դասավանդում է երաժշտություն, հայոց լեզու ու հայ ժողովրդի պատմություն, ղեկավարում իր ստեղծած երգչախումբը։

Իր սանի ճակատագրով մտահոգված Կոմիտասը այդ օրերին Էջմիածնից Կարին լուր է ուղարկում. «Ասացեք Արմենակին՝ չնստի-մնա Էրզրումում, պետք է անպայման Իտալիա երթա՝ ձայնը մշակելու»։ Սակայն Արմենակը, լինելով ազատ աքսորի մեջ, չէր կարող առանց թույլտվության Թուրքիայի սահմանն անցնել, և դպրոցի ղեկավարության միջնորդությամբ բուժման մեկնելու նպատակով ձեռք է բերում լիբանանյան անձնագիր և ֆրանսիական նավով Լիբանանի փոխարեն մեկնում է Փարիզ (1904)։ Այստեղ մասնակցում է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցի ծախսերով կառուցված եկեղեցու օծման արարողությանը, որտեղ էլ մասնակցող երգիչների մեջ ճանաչվում է առաջինը։ Փարիզում նա սովորում է աշխարհահռչակ երգչուհի Պոլինա Վիարդոյի մոտ, որը սիրով հանձն է առնում երկու տարի անվճար պարապել նրա հետ։ Ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա։