«Միշտ միասին էին՝ կողք կողքի, իրար թև ու թիկունք». հարազատ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐԵՆԵՐ Անթանյանները միասին էլ զոհվեցին Շուշիի համար՝ հրադադարից ժամեր առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր անմար լույսերից ևս մեկին. Լևոն և Արմեն Անթանյաններ:

Մեր հերոսները՝ Լևոնն ու Արմենը հարազատ եղբայրներ էին: Նրանց մեջ 1 տարվա տարբերության կար: Լևոն Անթանյանը ծնվել էր 1993 թվականին, ամուսնացած էր, ունի երկու զավակ՝ Սմբատն ու Անգելինան։ Արմեն Անթանյանը ծնվել էր 1994 թվականին։ Եղբայրները պարտադիր զինվորական ծառայությունն անցել էին Արցախի զորամասերից մեկում։

Միշտ միասին էին՝ կողք կողքի, թև ու թիկունք։

Միասին ընդունվել էին ոստիկանության զորքեր, միասին ծառայել, միասին աշխատել։ Միասին էլ սեպտեմբերի 29-ին մեկնեցին պատերազմ։ Մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 17-ին Քարվաճառում զինակից ընկերներով նշեցին Արմենի 26-ամյակը։ Տուն վերադարձան հոկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց կրկին մեկնեցին Արցախ՝ այս անգամ արդեն օգնության հասնելով Շուշիին:

Վերջին զանգից ընդամենը օրեր անց պարզ է դառնում, որ եղբայրները Շուշիում մնացել են շրջափակման մեջ: Պատերազմի վերջին օրը՝ հրադադարից ընդամենը ժամեր առաջ, նրանք միասին իրենց կռիվը տալուց հետո միասին էլ ընկան Շուշիի համար մղվող մարտերում:

Փա՛ռք Ձեզ, հերոսնե՛ր, հավերժ շնորհակալ և պարտական ենք: