«Զարմանալի ժողովուրդ են. թե նշանավոր էր, կենդանության ժամանակ ասեին, ինքն էլ իմանար և ուրախանար». օրագրային գրառում ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ, որն արժե կարդալ

Դեմիրճյանի օրագրերը սկսվել են 1934 թվականից, հետո ընդհատվել ու վերսկսվել 1942-1955 թվականներին: Գրառումները հիմնականում իր «հիվանդության քմահաճ» խնդիրներին վերաբերող էջեր են, որ սերունդների համար կարող է անհետաքրքիր լինել … Սակայն օրագրերի առանձին էջերից հառնում է Դեմիրճյան ստեղծագործողի ինքնանկարը: Նրա դատողությունները գրականության, արվեստի հրատապ հարցերի մասին, որ անչափ շահեկան է գրականության պատմության համար:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Դերենիկ Դեմիրճյանի 1944 մայիսի (լույս 24) օրագրային գրառումը:

 Ամբողջ օրը և թե այս գիշեր, որքան ժամանակ կարողացել եմ, գրել եմ «Վարդանանքը»: Ներվային եմ դառել ծայր աստիճան:

Այսօր (երեկ) լրագրում կարդացի մահազդ «նշանավոր պրոլետարական գրող» Մադաթ Պետրոսյանի (1867-1944 — արձակագիր) մասին: Զարմանալի ժողովուրդ են. թե նշանավոր էր, կենդանության ժամանակ ասեին, ինքն էլ իմանար և ուրախանար: Կարծես վախենում էին, որ ինքը իմանար` սպասեցին, է՜ է՜…

Ի դեպ` օրագրերի, հուշագրերի, ինքնակենսագրությունների մասին: Այս բավական անախորժ օրագիրս, հարկ չկա կեղծավորելու, կընկնի մի օր սերունդի ձեռը: Վնաս չունի. թո՛ղ կարդան, թերևս նողկալով … Չգիտեմ, կհասկանա՞ն, թե ինչ է նշանակում հիվանդություն, որ մարդու ստիպում է զբաղվել այսպիսի ռեալիզմով: Կարծում եմ, որ հիվանդությունը նույնպես չեն հասկանա, ինչպես չեն հասկանում առողջությունը:

Սա մի կողմ: Միտս ընկան բազմաթիվ օրագիր-ինքնակենսագրականների մասին իրենց` հեղինակների և ընթերցող-քննադատների լուսաբանությունները: Ոմանց համարում են կեղծողներ, ծածկողներ, ճշմարտությունը ծռողներ, ոմանց` վարպետորեն լռողներ, և առհասարակ գնահատվում են անկեղծ, անխնա, «օբյեկտիվ» ինքնակենսագրությունները, օրագիրները: Պռոշյանը փորձել է «անկեղծ ու անաչառ» լինել … Ռուսսոն «անխնա» է …

Ես կարծում եմ, որ ոչ մի մարդուց չպետք է պահանջել գրել այնպես, որ ոչնչացվի իր պատկերը: Ոչ ոք չի կամենում այնքան ճշմարտապատում և անխնա օբյեկտիվ լինել, որ ինքը ներկայանա բարոյապես ոչնչի մեկը: Մեկը կարող է շատ առաջ գնալ իր անկեղծության, անխնայության, օբյեկտիվության մեջ: Կան օրինակներ: Բայց ոչ ոք չի ներկայացնի իրեն այնպես, որ իր հոռի և լավ կողմերի հաշվեկշռի մեջ հոռին գերակշռի: Դա ամենասրբազան իրավունքն է մարդու և ամենագեղեցիկ հատկությունը: Ով փորձ կանի այնպիսի ստոր ու այլանդակ դուրս բերել իրեն, որ վերջնական հաշվով իր եսը ոչնչանա հասարակության առաջ` նա կատարում է հոգեկան ինքնասպանություն: Ամեն մարդ, անգամ ոճրագործը, կեղծավորը, դավաճանը, բռնակալը, հիմարը և այլն, նախ` իրան համարում է վերջնական հաշվով լավ մարդ: Նա ունի իր գործերի մասին յուրատեսակ արդարացում: Նա իր շրջապատը տեսնում է իր կրքերի, իր կարծիքի, իր արդարադատության, իր մղումների ակնոցով և իր տեսած աշխարհի և իր հարաբերության մեջ իր տեսակետն ու նպատակահարմարը: Չպետք է մարդուն, ով ուզում է լինի, ստիպել, որ նա ինքնիրեն ոտնատակ տա:

Մարդուն պետք է փոխել այլ կերպ: