«Եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում» ԱՍՏԾՈՒ պատիժը գյուղապետին․

Տանձավեր գյուղը մոտ 1200-1500մ բարձրության վրա է՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավարեւմտյան փեշերին: Այն Կապանի տարածաշրջանի հնագույն գյուղերից է, հիշատակվում է նաեւ պատմիչ, Սյունիքի հոգեւոր առաջնորդ Ստեփանոս մետրոպոլիտ Օրբելյանի «Պատմության» մեջ Տանձավայր անվամբ, որը Տաթեւի վանքին վճարել է 8 միավոր հարկ: Գյուղում ու նրա շուրջ կան մի շարք քրիստոնեական հուշարձաններ: Տանձավերում են գտնվում 15-րդ դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները, որի հետ կապված կա մի ավանդազրույց:

1930-ական թվականներին, երբ խորհրդային իշխանությունները փակում էին եկեղեցիները, Տանձավերի կոլեկտիվ տնտեսության նախագահը կամ գյուղապետը ավերում է եկեղեցին ու այդ քարերով իր համար կառուցում տուն ու գոմ: Տեղի բնակիչներն ասում են, որ այդ դեպքից հետո գյուղապետն անիծվում է Աստծուց, ու նրա` եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում: Բոլորը մահանում են, իսկ տունը մնում է դատարկ:

Այդ տունը մինչեւ հիմա կիսավեր վիճակով գտնվում է գյուղում ու համարվում է անիծված վայր: Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերն օգտագործվել էին որպես շինանյութ եւ կամ ոչնչացրել: Տանձավերը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, ալպիական մարգագետիններով, որտեղ աճում են լեռնային անուշաբույր ծաղիկներ: