Լսե՞լ եք Գանձասարի ԼԵԳԵՆԴՆ, որտեղ ԱՐՋԸ համարվում է գանձերի Սյունյաց պահապանը․

Կապանից Քաջարան տանող ճանապարհին՝ Անդոկավան եւ Շղարշիկ բնակավայրերից քիչ հեռու՝ մի ժայռաբեկորի վրա, կանգնած է արջի պղնձաձույլ արձանը, որի երախում բանալի է կախված: Արջը Սյունյաց անտառների տիրակալն է համարվել եւ խորհրդանշել լեռնաշխարհի ուժն ու անառիկությունը: Ասում են, որ արջը փակել է դեպի Գանձասար տանող կիրճը եւ նրա բերանին է Հայոց աշխարհի անսպառ գանձերի բանալին: Պատմում են, որ անհիշելի ժամանակներում, երբ հայոց աշխարհում դեռ ապրում էին հսկաների ցեղից մեր նախնի Հայկի որդիներն ու դուստրերը, թշնամիները բազմամարդ բանակներով հավաքվում եւ ցանկանում են գրավել Հայոց երկիրը:

Մեր հսկա նախնիները կռվից առաջ իրենց գանձերը թաքցնելու համար տեղ են փնտրել Հայոց աշխարհում: Փնտրելով հասել են Կապուտջուղ լեռան լանջերին, գտել են ապահով տեղ ու թաքցրել հայոց հարստությունը: Այդ օրվանից այդ վայրը կոչվել է Գանձասար: Ասում են նաեւ՝ Գանձասարի շուրջ բարձրացած ժայռերը այն հսկաներն են, որոնք իրենց ահարկու տեսքով եւ ուժով պահապանել են Հայոց աշխարհը: Գանձասարի հետ կապված պահպանվել է մեկ ուրիշ հետաքրքիր պատմություն: Շատ դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորը՝ հռոմեական զորքերից իր գանձերը փրկելու համար, հրամայում է  դրանք թաքցնել Բաղաց աշխարհի լեռներից մեկի մեջ: Գանձերը պահպանելու համար լեռան վրա կառուցում է մի ամուր բերդ: Սրա պատերի տակ հռոմեական զորքերի եւ հայ քաջերի միջեւ տեղի է ունենում արյունահեղ կռիվ:

Թշնամիները գրավում են բերդը, ավերում այն, բայց գանձերը չեն կարողանում գտնել: Դրանից հետո շատ նվաճողներ են գալիս, բայց ոչ մեկին չի հաջողվում գտնել գանձերը: Եվ սարի անունը գանձերի պատճառով մնում է Գանձասար: Սյունյաց աշխարհն իր ընդերքով եւ իր շքեղ ու հարուստ բնաշխարհով գանձերի երկիր է, եւ դեպի Գանձասար տանող կիրճի վրա կանգնած Սյունիքի անտառների հսկան`արջը, պահպանում է Գանձասարը: Գանձերի մուտքի բանալին նրա բերանին է, եւ վա՛յ նրան, ով կփորձի տիրանալ գանձերի բանալուն…