Կառավարական պարգևների արժանացած հայը, ով թուրքիայում պայքարել է համաճարակի դեմ

Հայ մեծանուն բժիշկ Բարունակ բեյ Քրթիկյանը ծնվել է Կ. Պոլսում, նախնական կրթությունն ստանալուց հետո ուսումը շարունակել է Կալաթա-Սարայի ռազմաբժշկական ուսումնարանում: 1847 թ., դեռևս ուսումնարանը չավարտած, նշանակվել է Օսմանյան կայսրության՝ փոքրասիական նահանգներ գործուղված խմբի բժիշկ:

Տասն ամիս տևած այդ գործուղման ընթացքում նա բնակչությանը բժշկական օգնություն է ցույց տվել, կատարել ծաղկի դեմ պատվաստումներ: Կ. Պոլիս վերադառնալով՝ շարունակել է ուսումը, որն ավարտելուց հետո նշանակվել է Հայդար փաշայի հոսպիտալի բժիշկ:

1855 թ. կայսերական բանակի բժշկապետ է եղել: Կենտրոնական ուսումնական խորհրդի ատենապետն էր: Եղել է Զինվորական բժիշկների ընկերության անդամ, 1857 թ. հրատարակել է «Թոքախտի պատճառները և բուժումը» աշխատությունը, 1862 թ. եղել է «Ֆարմա» միության նախագահ, գիտությունների հանձնաժողովի անդամ: 1865 թթ. երկրում ծագած չարորակ տենդի և խոլերայի համաճարակների դեմ պայքարի ուղղությամբ ակտիվ աշխատանքների համար արժանացել է կառավարական պարգևների: