Լսե՞լ եք «Համբարձման եզ» արտահայտությունը. ահա թե ինչ է այն նշանակում և ինչու էին հարևանները, նրան տեսնելով, իրար հարցնում՝ Բարեկա՞մ եք, թե՞ թշնամի:

«Համբարձման եզ». այսպես էին անվանում Համբարձման տոնի օրը ծիսական արարողությունների մեջ ընդգրկված եզին կամ ցուլին, որին զարդարում էին գունավոր ծածկոցներով և ծաղիկներով: Այդ օրը Մշո հոտաղներն իրենց նախրի միջից մի խայտավոր եզ էին ընտրում, որը նույն օրը գեղի ռեսեն շատ ավելի պատվավոր էր», և դրան ծոպավոր գորգե բաճկոն էին հագցնում ու պես-պես ծաղիկներով զարդարում: Պոչը զարդարում էին գույնզգույն լաթերով: Այս զարդարանքի մեջ եզը գրեթե ամբողջապես կորչում էր: Արևի ծագման զարդարված եզը իրեն շրջապատող մեծ թափորով սարից իջնում էր գյուղ: Այդ պահին դղրդյունն ընկնում էր: Ժողովուրդը, դիմավորելով նրանց, բացականչում էր. «Համբարձման եզն եկա՜վ»: Եվ եզը պտտեցնում էին գյուղի փողոցներում:

Պատահում էր, որ միևնույն գյուղի առանձին թաղերի հոտաղներն առանձին եզ էին զարդարում, և երբ դրանք գյուղամիջում իրար էին հանդիպում, կողմերից մեկը մյուսին հարձակողական տոնով հարցնում էր.

-Բարեկա՞մ եք, թե՞ թշնամի:

Հակառակորդներն իրենց ինքնասիորւթյանը թույլ չէին տալիս ասելու՝ բարեկամ ենք, որովհետև դա հենց պարտության նշան էր համարվում:

hambardzman ton
Նկարը՝ Ռ. Ղազարյանի

«Թշնամի ենք» ասելուն պես սկսվում էր փոխադարձ հարձակումը և «պատերազմը»: Լուրջ կռվի մեջ մահակների ու վարոցների հարվածները դադարում էին միայն ամբոխի միջամտությամբ:

Կռիվը եզան հետ կապված արարողություններից մեկն էր, որի հետևանքով ջարդվածքներ և ուռուցքներ ստացող հոտաղները միջամտությունից հետո անմիջապես հաշտվում էին: Կռվի և հաշտության արարողությունը հոտաղներին ավելի էր ոգևորում և զվարճացնում:

Հանդեսից հետո հոտաղները ժողովրդից հավաքած մթերքներով դաշտում կերակուրներ էին պատրաստում և զանազան խաղեր կազմակերպում:

Այս բոլոր տվյալները վերաբերում են Անահիտի պաշտամունքին, քանզի եզ-ցուլը նրա զոհերից մեկն էր: Իսկ Մշո պատանեկան հիշյալ կռիվները խորհրդանշում են հեթանոսության ու քրիստոնեության կատաղի պայքարը մի կողմից անահտական պաշտամունքները պաշտպանելու և, մյուս կողմից, մոնոթեիզմը հաստատելու համար:

Աղբյուրը՝ Armtumar-Արմտումար