ՀԱՅԵՐԻ «ձայնագրագետ վարդապետը», ում, ցավոք, քչերն են հիշում. ՆԱ եղել է Կոմիտասի ԱՌԱՋԻՆ ուսուցիչը, փրկել ու սերունդներին փոխանցել ՀԱՅ մշակույթը

Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը` Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:

Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել:\

Սահակ վարդապետ Ամատունի. հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր։ Էջմիածնի միաբանության անդամ, ով եղել է Կոմտիտասի առաջին ուսուցիչը: 

Սահակ Ամատունին ծնվել է 1856 թվականին Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ Ծննդավայրում սկզբնական կրթությունը ստանալուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ 1870 թվականի սեպտեմբերի 6-ին Մեսրոպ Սմբատյանցը նրան ձեռնադրել է կիսասարկավագ, իսկ 1876 թվականին՝ սարկավագ։ Ամատունին ժառանգավորաց դպրոցում աչքի է ընկնում իր երաժշտական արտակարգ ընդունակություններով, որի համար վանքում նրան ձայնագրագետ սարկավագ են ասում։ Սահակ Ամատունին Նիկողայոս Թաշչյանի երաշխավորությամբ նորաբաց Գևորգյան ճեմարանում նշանակվում է հայկական ձայնագրության ուսուցիչ։ 

Նիկողայոս Թաշչյանի Կ.Պոլիս վերադառնալուց հետո Էջմիածնում Սահակ սարկավագ Ամատունին զբաղվում է շարականների ուսումնասիրությամբ և աշխատում հայ եկեղեցական երգերի էջմիածնական եղանակների գրառման ուղղությամբ։

1883 թվականին «Արարատ» ամսագրում (304-312) տպագրված իր հոդվածում Ամատունին հիշատակում է Երնջակի երաժիշտ-եպիսկոպոս Գրիգոր Հովբյանից հին անաղարտ եղանակները ձայնագրելու իր մտադրությունը։ Այդ առիթով հայ հին երաժշտության մասնագետ Նիկողոս Թահմիզյանը իր հոդվածներից մեկում գրում է.

«…Կարծում ենք, որ արժե մասնավոր որոշումներ նախաձեռնել պարզելու համար, թե Ամատունին երբևէ իրագործե՞լ է հիշյալ երգերի ձայնագրությունները»:

Սահակ Ամատունին սուրբ Գայանե վանքում վարել է մի շարք պաշտոններ։ 1883 թվականի մարտի 28-ին նշանակվել է տպարանական խորհրդի անդամ, 1888 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի մատենադարանապետի օգնական, իսկ 1891 թվականի նոյեմբերի 30-ին սինոդի որոշումով՝ մատենադարանապետ։

«Արարատ» ամսագրում տպագրել է բանաստեղծություններ, հոդվածներ, թարգմանություններ։ Լույս է տեսել Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) ժողովածուն, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք։