«Հորադիզի ճանապարհին կռվի է բռնվել 50-ից ավելի թուրքի դեմ` ձեռքին ունենալով միայն ավտոմատ». ՀԵՐՈՍ Գարիկը չհասցրեց պատմել սիրած աղջկա մասին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Գարիկ Ռադիկի Ռաշոյան:

Մեր հերոս Գարիկը ծնվել է 2001 թվականին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Չափահաս դառնալուց հետո ժամկետային զինծառաության է անցնում Ջրականում: Ու սկսվում է 44-օրյա պետարազմը, որը պիտի տաներ մեզնից մեր ամենաթանկերին:

Հերոս Գարիկը տղերքի հետ հենց առաջին ժամերից ոտքի է ելել: Նրան Ջրականին տեղափոխել են Հորադիզ: Ճանապարհին 7 տղաներով կռվել էին 50-ից ավելի թուրքի դեմ` ձեռքներին ունենալով միայն ավտոմատ:

Ըստ կցկտուր տվյալների հերոսը մահացել էր հոկտեմբերի 10-12 ընկած ժամանակահատվածում, բայց հուղարկավորեցին նրան միայն հունվարին: Գարիկն ուներ սիրած աղջիկ, բայց ոչ ոքի դեռ չէր ասել այդ մասին:

Ու դեռ ինչքան երազանքներ թաքուն մնացին…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: