«Շաբաթներ առաջ էր ավարտել ծառայությունը, բայց ՄՈԲ-ի կազմում կրկին մեկնեց դիրքեր». ՀԵՐՈՍ Վազգենը հիվանդանոցում այդպես էլ չեկավ գիտակցության

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ մեր անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Վազգեն Վագիֆի Աբրահամյան:

Մեր հերոս Վազգենը սերժանտ էր, հրետանավոր: Ծնվել է 1998 թվականին Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում: Նա պայմանագրային ծառայության մեջ էր ու ավարտել էր այն 2020 թվականի ամռանը: Ծառայել էր Մարտունու 2-ում: Բայց ո՞վ կպատկերացներ, որ շաբաթներ անց հայրենիքը կրկին զգալու է իր հայորդիների կարիքը:

Պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա ՄՈԲ-ի կազմում մեկնել է Արցախ ու միացել Հայրենիքի պատշպանությանը: Նա ամենաթեժ կետերում անձնուրաց պայքար է մղել, սակայն իրեն չխնայեց: Հոկտեմբերի 30-ին նա ծանր վիրավորվում է անօդաչուի հարվածից: Նրան տեղափոխում են Երևանյան հիվանդանոց, որտեղ բժիշկները ամեն բան անում են՝ Վազգենի կյանքը փրկելու համար:

Պատերազմի ավարտից ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին, հերոսը անմահանում է հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: