Կիպրոսում ծնված ՀԱՅ ջութակահար, ով համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների և երաժիշտների հետ և ամբողջ աշխարհին ներկայացրել ՀԱՅԿԱԿԱՆ երաժշտությունը. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Ջութակահար, դիրիժոր Լևոն Չիլինգիրյանը ծնվել է 1948թ. մայիսի 28-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում:

5 տարեկան հասակից նվագել է ջութակ: 1960թ-ից բնակվում է Լոնդոնում: 1969թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը: 1969թ. արժանացել է «BBC»-ի Բեթհովենի անվան, 1971թ.՝ Մյունխենի երաժշտական մրցույթների առաջին մրցանակներին: Ուսումն ավարտելուց հետո, դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, ստացել պրոֆեսորի կոչում:

1971թ. ստեղծել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների:

Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում: Երկացանկում ունեցել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի, Ա.Հովհաննեսի, Ս.Ասլամազյանի և այլոց երկերից:

1996թ-ից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը: 1989թ-ից համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում: 2000թ. Երևանում կազմակերպել է երիտասարդ ջութակահարների հանրապետական 1-ին մրցույթը:

2000թ. արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար: