Քաջեր ՋԱՆ, հպարտ ենք ձեզանով. տեսեք, թե ինչպես են մեր ՏՂԱՆԵՐԸ հաղթել և եկեք շնորհավորենք ՆՐԱՆՑ

86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել: Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը ևս մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում:

«Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ. որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը: