«Ամենամեծ վարպետին ու մեր ամենասիրելի պոետին»․ Չարենցի նամակը հիվանդանոցում գտնվող Թումանյանին

1923 թ, մարտի 23-ին երկարատև հիվանդությունից հետո Մոսկվայում վախճանվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մեծ բանաստեղծի վախճանը ցնցում է հայ ժողովրդին: Նույնիսկ նրանք, ովքեր գաղափարական հակասություններ ունեին բանաստեղծի հետ, խոր ցավով արձանագրում են Թումանյանի կորուստը:

Եղիշե Չարենցը, որ բավական սուր էր արտահայտվել Թումանյանի մասին, 1923 թվականին Մոսկավայում  էր։ Նա մի նամակ է գրում հիվանդանոցում գտնվող բանաստեղծին. բովանդակությունը ներկայացնումե ենք ստորև․

«Ամենասիրելի Հով. Թումանյան Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ գալու Ձեզ մոտ  և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին։

Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան։ Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր

«Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը։ Լավագույն մաղթանքներով Ե․ Չարենց»։