Երբևէ լսել եք Սյունեի եւ Սենեքերիմ արքայի սիրո մասին. Տեսեք թե ինչպիսի ավարտ է այն ունենում.

Դարերի խորքից այսպիսի մի գեղեցիկ զրույց է մեզ հասել Սյունեի եւ Սենեքերիմ արքայի սիրո մասին: Միջնադարյան Հայաստանում Սենեքերիմ արքայի հրամանով մահապատժի է ենթարկվում աղանդավոր ընտանիքի հայրը։ Վերջինիս աղջիկը՝ Սյունեն, երդվել էր վրեժ լուծել արքայից, եւ անընդհատ հետապնդում էր նրան: Սյունեն վարժ տիրապետում էր զենքին, հմուտ նետաձիգ էր եւ հեծյալ: Մի օր, երբ արքան Բաղաբերդ ամրոցից գնում էր դեպի Տանձափարախի վանքը, նրա ձին նետահարվում է, իսկ ինքը վիրավորվում ուսից:


Թիկնազորը հետապնդում է նետաձիգին. պարզվում է, որ նա մի գեղանի աղջիկ էր՝ աղանդավորների ընտանիքից: Սյունիքի այն ժամանակվա եպիսկոպոս Գրիգորը եւ Շահանդուխտ թագուհին պահանջում են, որ Սյունեն մահապատժի ենթարկվի։ Սակայն արքան սիրահարվել էր նրան: Նա բանտախցից ազատում է Սյունեին եւ նույնիսկ նրան նվիրում Սեւադա իշխանից նվեր ստացած սուրը: Սյունեն նույնպես հմայվել էր Սենեքերիմ արքայով, եւ նրանք չկարողացան գաղտնի պահել իրենց դատապարտելի սերը: Այդ մասին սկսեց խոսել ժողովուրդը, այդ մասին իմացավ նաեւ Շահանդուխտ թագուհին: Նրանք գաղտնի հանդիպում էին Ողջագետի ափերի մոտ գտնվող կաղնու պուրակում: Սենեքերիմ արքան դավադիր ձեւով սպանվում է թշնամու կողմից: Սյունեն որոշում է սպանել իր սիրելի՝ արքայի սպանության մեղավորին:

Նա երաժիշտի անվան տակ մուտք է գործում թշնամու բանակ, որտեղ թեեւ կռահում են նրա ով լինելը, այնուամենայնիվ, ազատ են արձակում: Ապա պատմական Շեկք գյուղի եւ այսօրվա Ձորաստանի կես ճանապարհին գտնվող Աղջկաբերդի պաշտպանության ժամանակ Կապանում արդեն հայտնի աղջիկ-զինվորը կրկին գերի է ընկնում եւ հետո ազատվում։ Որոշ ժամանակ անց նա ցանկանում է մտնել վանք եւ իր կյանքն անցկացնել արքայի շիրիմի մոտ: Սակայն նրան սպանում են սիրելի արքայի շիրիմը գրկելիս: Որոշ ասացողներ փորձել են ցույց տալ նրա գերեզմանը, բայց դեռեւս անհայտ է մնում, թե որտեղ է թաղվել Սյունեն՝ արքայի մոտ, թե՞…