Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանի թարգմանիչը ՀԱՅ էր․ նա ուղեկցել է դեսպանին տարբեր երկրներ

Հայ մեծանուն բժիշկ Անդրանիկ փաշա Կրճիկյանը ծնվել է Կ. Պոլսում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո ուսումնառությունը շարունակել է Փարիզում, ուսումնասիրել բնական գիտություններ: 1844 թ. վերադարձել է Կ. Պոլիս և աշխատանքի անցել կայսերական հիվանդանոցում, միաժամանակ կարդացել է դասախոսություններ:

Ֆրանսերենի լավ իմացության շնորհիվ Կրճիկյանը նշանակվել է Ֆրանսիայում Օսմանյան կայսրության դեսպանի թարգմանիչ: Հետագայում, որպես թարգմանիչ, խորհրդատու և գործերի կառավարիչ, ուղեկցել է դեսպանին տարբեր երկրներ: Մասնակցել է Կ. Պոլսի հայերի գերագույն ժողովներին, եղել է ազգային երեսփոխան և այլն:

Մասնագիտության մեջ կատարելագործվելու համար մեկնել է Անգլիա, ապա՝ Իտալիա: Կ. Պոլիս վերադառնալուց հետո 1882 թ. գնդապետի կոչում է ստացել, միաժամանակ աշխատել երկու բժշկական վարժարաններում, իսկ 1884 թ. ստացել է փաշայության աստիճան և նշանակվել բժշկական վարժարանի տնօրեն: Օժտված լինելով նկարչի և փորագրչի ձիրքով՝ Ա. Կրճիկյանն անձամբ է կատարել իր աշխատությունների նկարազարդումները: