«Ով խմի թթու ջրից, նախագահ կդառնա»․ Լսել եք «Մանգի չխուրի» մասին, գիտեք այստեղ ինչպիսի «ՀՐԱՇՔ» կա ․

Շրվենանց գյուղի վերեւում մի գեղեցիկ վայր կա, որին անհիշելի ժամանակներից ժողովուրդը տվել է Մանգի չխուր (այսինքն՝ Մանգի փոս, ձորակ) անվանումը: Թե ինչու է կոչվում Մանգի, ոչ ոք հստակ ասել չի կարող, պարզապես անունը սերնդեսերունդ հասել է մեզ: Ոմանք պատմում են, որ շատ հնում Մանգի (Մանգասար) անունով մեկը փորձել է այգի հիմնել եւ այդ նպատակով տարբեր հատվածներում փոսեր է փորել, որպեսզի գետնի տակից ջուր հանի:

Այդպես դուրս է ժայթքել դեղնավուն ջուր, որը, սակայն, պիտանի չի եղել ոռոգման համար: Հետագայում տարածքը հայտնի է դարձել հանքային այդ բուժիչ աղբյուրով, որի ջուրը հարուստ է երկաթով, նատրիումով, կալցիումով եւ հիդրոկարբոնատային բաղադրությամբ: Տեղացիներն անվանում են նաեւ Թթու ջուր: Նույնիսկ ամռան տապին աղբյուրի ջուրը պահպանում է իր բնական սառնությունը, իսկ ձմռանը չի սառչում: Տեղացիների մոտ կարծիք կա, որ Թթու ջուրը կապ ունի հարեւան Վերին Խոտանան գյուղի ստորգետնյա ջրերի հետ: Աղբյուրը գտնվում է փոսորակի մեջ եւ շրջապատված է խիտ անտառով:

Աղբյուրի շրջակայքն ամբողջությամբ նարնջագույն տեսք է ստացել, որովհետեւ դարերով այստեղ թափվող ջուրը հողը հարստացրել է երկաթով եւ ծծումբով: Տեղացիները հիշում են գյուղը երեսուն տարի ղեկավարած Արամ պապին (Արամ Օհանյան), ով սիրում էր կրկնել. «ով խմի թթու ջրից, նախագահ կդառնա»: Վերջին գյուղապետ Արմինե Մանուկյանը ծիծաղով հիշում է, որ 18 տարվա հարս է եւ երբեք այդ ջրից չի խմել: 18 տարի անց որոշել է փորձել ջրից եւ այդ տարում էլ ընտրվել է գյուղապետ: Աղբյուրից ոչ հեռու բաց ու հարթ տարածություն է ձգվում, որտեղ մի մենավոր ընկուզենի կա: Տեղացիներն ու դրսից եկած հյուրերը հաճախ են գնում ընկուզենու մոտ՝ նրա շվաքի տակ հանգստանալու: