ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑՆ առավելագույն թվով գաղտնագրեր ու ծածկագրեր Է կցել իր ստեղծագործություններին. միայն իմանաք՝ ում է ուղղված «Դագաղաճառ» բանաստեղծությունը

Գրականագիտությունը միշտ (և ոչ առանց հիմքի) արժևորել է այս կամ այն ստեղծագործության գրության շարժառիթները, նախապատմությունն ու ազդակները՝ դիտարկելով դրանք ոչ միայն որպես տվյալ հեղինակի կենսագրության, այլև գրականության պատմության էական դրվագի արծարծում ու վավերագիր: Եվ որքան էլ մենք պնդենք, թե գեղարվեստական ստեղծագործությունն ի վերջո երևակայության, կենսափորձի ու նախատիպերի մի յուրօրինակ համադրություն է, բոլոր դեպքերում սխալ կլինի դա որակել որպես ընդհանրականը մասնավորեցնելու պարզունակ քայլ: Ասվածի կարևորագույն փաստարկներից մեկն էլ թերևս այն է, որ որոշ գործեր կրում են հեղինակային «լրացուցիչ» նշումներ: Այդ «ծանուցումներն» ու գաղտնագրերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ հիշյալ մանրամասները կարևորված են հենց գրողի կողմից:
Եղիշե Չարենցին անվիճելիորեն կարելի է դասել այն գրողների շարքին, որոնք առավելագույն թվով գաղտնագրեր ու ծածկագրեր են կցել իրենց ստեղծագործություններին: Զանազան աքրոստիկոսներից, նմանաձայնություններից, թափանցիկ ակնարկներից և անուղղակի հասցեագրումներից զատ նրա բանաստեղծություններից շատերը ուղեկցվում են առանձին անվանատառերով, բովանդակային զուգորդումներով և հակիրճ, մշուշոտ ծանոթագրություններով: Այս կարգի մակագրություններով հարուստ են հատկապես Չարենցի գրչին պատկանող էպիգրամներն ու դիֆերամբները: Մեծամասամբ հաջողվել է գաղտնազերծել թե դրանց հասցեատերերի անունները և թե գրության շարժառիթները: Բայց և այնպես, քիչ չեն այն բանաստեղծությունները, որոնք դեռ շարունակում են կրել իրենց վերապահված գաղտնիքը:
Դիտարկենք դրանցից մեկը, որ «Դագաղաճառ» վերնագիրն ունի, ուղղված է ոմն Հ. Հ.-ին : Ահա այդ բանաստեղծությունը.

Դագաղաճառ
(Հ. Հ.)
Այս հարգելի ընկերը
Իր անահ նախահորից
Անունից բացի ժառանգել էր
Եվ մի հավատ խորին,
Թե բավ է ունենալ մի ոսկոր,
Որպեսզի խորտակես Բելին…
. . . . . . . . . . . . .
Մեծարում եմ ահա քեզ խոսքով,
Ով ողորմելի:-
1928

Ե. Չարենցի «Անտիպ և չհավաքված երկերի» ծանոթագրությունների բաժնում Անահիտ Չարենցը գրել է. «Չհաջողվեց պարզել՝ ով է Հ.Հ.-ն»: Միաժամանակ ժողովածուն կազմողը տեղեկացնում է. «Հետագայում Չարենցը ավելացրել է հետևյալ ծանոթությունը. « N-ի քարտուղարության առթիվ հարյուր հիսուն միլիոն բնակիչ և այս հսկա բանակից ուր է մարդը կըրակ բացի այս հանճարեղ վարպետին- 1933- Ով ողորմելի»:
Վերնագիրը, անձի մասին անցյալ ժամանակով խոսելը կարող էր մղել այն ենթադրության, թե վերջինս իսկապես վախճանվել էր և այդ չափածո խոսքը մի յուրօրինակ դամբանական էր: Սակայն տեսնենք՝ արդյո՞ք դա այդպես է:
«Անահ նախահոր» մասին ակնարկը պիտի նշանակի, որ էպիգրամի հերոսի անունը Հայկ է: Դա է հուշում նաև Բելի անվան հիշատակումը: Այս հանգամանքը, գրության տարեթիվը, ինչպես նաև լրացուցիչ բացատրության մեջ «քարտուղարություն» ու «բանակ» բառերի ներկայությունը հանգեցնում են միանգամայն այլ ենթադրության:
Վստահաբար կարելի է ասել, որ էպիգրամի «հերոսը» սովետական կուսակցական և ռազմական գործիչ Հայկ Ալեքսանդրի Հովսեփյանն է: Վերջինս 1927 թվին ընտրվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, սակայն մեկ տարի անց ազատվեց աշխատանքից: Թերևս հենց այդ իրադարձությունն էլ առիթ է տվել Չարենցին գրելու «հոգեհանգստի» խոսքը: Ինչ վերաբերում է հինգ տարի անց ավելացված ծանոթությանը, ապա այստեղ ևս ակնարկը թափանցիկ է: Այդ ժամանակ Հայկ Հովսեփյանը աշխատում էր կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունում, զբաղեցնում բարձր պաշտոններ: Այն, որ Հովսեփյանը եղել է ձախողված պետական պաշտոնյա, վկայում են նաև ժամանակակիցները: Մորուս Հասրաթյանն իր հիշողություններում նրա մասին ասում է. «…Միշտ մնաց անգույն ղեկավար»: Իսկ ահա Չարենցի որակումներն, ինչպես տեսնում ենք, եղել են շատ ավելի խիստ:

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ: