Սուլթան Համիդի պալատական վստահելի բժիշկը ՀԱՅ էր․ նա առաջադեմ էր ու տիրապետում էր մի շարք օտար լեզուների

Հայ անվանի բժիշկ Միքայել Խորասանճյանը ծնվել է Կ. Պոլսում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ հետո ուսումը շարունակել Փարիզում: 1859 թ. ավարտելով Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ Խորասանճյանը վերադարձել է Պոլիս, իր հետ բերելով վիրաբուժական կատարելագործված գործիքների հարուստ հավաքածու։

Բացի դրանից նա մեծ փորձ ու հմտություններ էր ստացել։ Նման բժշկական գործիքներ մինչ այդ Օսմանյան կայսրությունում չէին գործածվել: Մտահոգված լինելով ազգաբնակչության բուժսպասարկման մակարդակի բարձրացմամբ՝ կանխարգելիչ միջոցառումների հարցով հաճախ անձամբ մասնակցել է հիվանդանոցների գործունեությունն ստուգող հանձնաժողովների աշխատանքին, իր լուման ներդրել տեղ գտած թերությունների վերացման գործում:

Թոքախտի հետ կապված որոշ հարցերի ուսումնասիրման նպատակով՝ կառավարության կողմից պատվիրակության կազմում գործուղվել է Բեռլին և գործուն մասնակցություն ունեցել պատվիրակության աշխատանքներին: Դասավանդել է Կ. Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում, մասնակցել բժշկական կադրերի պատրաստման գործին:

Միքայելը զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ, աշխատել է քաղաքապետարանում, Առողջապահության գերագույն ժողովում, Համիդիեի մանկական հիվանդանոցում և Էյուբի զինվորական հիվանդանոցում: Մշտապես եղել է սուլթան Համիդի պալատական վստահելի բժիշկը: Նա առաջադեմ էր ու տիրապետում էր մի շարք օտար լեզուների: