Լսե՞լ եք ԽՈՏԱՆԱՆ գյուղի մասին․ Գիտեք, որ այն եղել է դիցավայր․ Շատ հետաքրքիր մանրամասներ հոդվածում․

Խոտանան գյուղի անվանումը կապված է Վանի թագավորության Խուտուինի աստծո անվան հետ (հնարավոր է՝ պատերազմի եւ հաղթանակի աստվածն էր): Նման կարծիք է հայտնել արեւելագետ Սերգեյ Ումառյանը: Խոտանանի մասին հիշատակություններ ունեն Ստեփանոս Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Ղեւոնդ Ալիշանը եւ նույնիսկ օտարազգի գիտնականները, որոնցից է գերմանացի արեւելագետ, հայագետ եւ լեզվաբան Յոզեֆ Մարկվարտը: Վերջինիս կարծիքով` Խոտանանը եղել է դիցավայր: Տարածված է նաեւ այլ ավանդազրույց՝ կապված գյուղի անվան հետ, որի մասին իր հուշերում ներկայացնում է Խոտանան գյուղից Արտաշես Պետրոսյանը:

Ըստ նրա՝ Խոտանան բառը երկու արմատից է բաղկացած՝ արաբերեն «խուդա եւ նան» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «աստված եւ հաց»: 8-րդ դարում, երբ արաբները զավթում են Հայոց երկիրը, մի արաբ ոստիկան, գալով այժմյան Խոտանանի տարածք, հայտնաբերում է հացի հսկայական ամբար՝ լցված ցորենի, գարու հսկայական պաշարներով: Ոստիկանը զարմանքից բացականչում է՝ «խուդանան», այսինքն՝ «Աստծո հաց»: Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ գյուղի անվանումը կապված է եղել Խուտայի եւ Անոնի սիրո լեգենդի հետ: Ըստ լեզվաբան Հ. Աճառյանի՝ Անահիտ աստվածուհու անվան -ան- մասնիկը փոխառություն է շումերերենից եւ կոչվում է «երկնային մետաղ»:

Պատմական աղբյուրներում հիմնականում հիշատակվում է Խոտանանը, իսկ Վերին եւ Ներքին Խոտանանները սկսել են հիշատակվել 19-րդ դարից սկսած: Երկար ժամանակ տարածքը ծառայել է որպես Սյունյաց իշխանների ամառանոց, հողերը միջնադարում եղել են Տաթեւի վանական համալիրին հարկատու: Խոտանան գյուղը նշանավոր զորահրամանատարների գյուղ է համարվում: Իրենց ռազմական տաղանդով աչքի են ընկել Հայաստանի Առաջին Հանրապետության զորահրամանատար, Սիսիանի ուժերի առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանը, ռազմական գործիչ Հմայակ Տեր- Դավթյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմում ճանաչում ստացած զինվորականներ՝ գնդապետ Մուշեղ Կարապետյանը, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետ Արտաշես Ղազարյանը, փոխգնդապետ Ալեքսանդր Անտոնյանը: