Ի՞նչ ասաց Չարենցն ուսանողներին, որ դահլիճը մի անգամից թնդաց ծափահարություններից

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր դեպք, կապված մեծ բանաստեղծի կյանքից։ Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդությունից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն:

Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն: Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.

Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:

Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը, — շարունակեց Չարենցը: Դահլիճը թնդաց ծափերից…