«Երևանն է խոսում». ԼԵԳԵՆԴԱՐ ու սիրված ՀԱՅՈՒՀԻՆ, ում հուսադրող ՁԱՅՆԻՆ պատերազմի ժամանակ սպասում էր ողջ ՀԱՅ ժողովուրդը. ճանաչեցի՞ք

Հրաչուհի Հարությունի Ջինանյանը պոլսեցի է: Ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին այդ նշանավոր քաղաքում, որի մասին պատմում էր ծնողներից փոխանցված հիշողություններով: 1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Երևանում:

Հայ մշակույթը, գեղարվեստական կյանքն ու բարձրագույն կրթությունն իրապես ծանր կորուստ կրեցին, որովհետև կյանքից հեռացավ այն եզակի ու բացառիկ արվեստագետներից մեկը, ով կամրջում էր 20-րդ դարի երկրորդ կեսը մեր օրերին, ով իր ներկայությամբ հիշեցնում էր հայ գրականության ու թատրոնի այն մեծերի մասին, ովքեր մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշները դարձան: Հրաչուհի Ջինանյանը ստեղծագործական մտերմություն էր ունեցել Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Ավետ Ավետիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի և ուրիշների հետ, որպես ասմունքող՝ բեմ էր բարձրացել մեր գեղարվեստական խոսքի բոլոր նշանավոր անհատականությունների հետ:

Երկրորդ աշխարհամարտը սկսվելու առաջին պահից աշխատել է հանրապետական ռադիոյում որպես հաղորդավարուհի: Հայրենական պատերազմի ծանր օրերին մարդիկ սպասում էին ռադիոյից հնչող Հրաչուհի Ջինանյանի խոսքին, անգամ նահանջների ու պարտությունների մասին հաղորդագրություններն այնպես էր նա կարդում, որպեսզի հուսալքություն չլիներ, որպեսզի թիկունքում գտնվողները չկորցնեին իրենց հույսը, լավատեսությունը չլքեր մարդկանց: Մեծ Հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի լուրն էլ Հրաչուհի Ջինանյանը մատուցեց բոլորին՝ խինդով և ուրախությամբ: Բացի այդ՝ հենց նրա ձայնով է հայկական ռադիոն լսելի դարձել սփյուռքին:

Իր «Երևանն է խոսում»-ը դեռ լսելի է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ականջներում:

Հրաչուհի Ջինանյանը մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումների, հանդես եկել գեղարվեստական ասմունքով, հյուրախաղեր ունեցել աշխարհի 20-ից ավելի երկրներում: Նա կարդում էր Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի քնարական ստեղծագործությունները, զարմանալի ներշնչվածությամբ մատուցում բանաստեղծներին պատած հույզերը, ընտրում ստեղծագործության մատուցման մեղմ ձևերը: Մինչ օրս անկրկնելի են Ավետիք Իսահակյանի, Չարենցի, Կապուտիկյանի՝ մայրական թեմայի ստեղծագործությունների ջինանյանական մեկնաբանություններն ու մատուցումները:

Հրաչուհի Ջինանյանի հեռանալով՝ հեռացավ 20-րդ դարի մեր գեղարվեստական իրականության ամենավերջին մոհիկանը, ամենավերջին նշանավորներից մեկը…

Ազգային արվեստին մատուցած ծառայությունների համար Հրաչուհին 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1984 թվականին՝ պրոֆեսորի: 2001 թվականին նա պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ 2003 թվականին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Սակայն պարգևներից ամենագլխավորը համաժողովրդական սերն էր, որին վաղուց էր արժանացել: