ՀԱՅ անվանի գրող, ով հանդիպեց հարազատ մորը միայն 37 տարի անց. ՆՐԱՆ 2 անգամ աքսորեցին Դեյր էզ Զոր, բայց ՆԱ ողջ կյանքում պայքարեց ՀԱՅԻ գոյության համար

ՀԱՅ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս ու մանկավարժ Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914 թ.։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը):

1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է, հայրը մահացել է 1918-ին, հետո կրկին աքսոր։

1928-ին Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940 թթ հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում։

«Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս: Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին: Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան` աշակերտելով Հակոբ Օշականին: Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետեւ իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ: Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»:

Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում: 1938-40-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում: Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակեում դասավանդել հայ լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր: Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) դասագիրքը։