«Վերջին անգամ իմ բալի հետ խոսացի, ասաց՝ լա՛վ մնացեք, սաղ լավ կլինի, զարյադկա չունեմ, չանհանգստանաք». ՀԵՐՈՍ Ահարոնը իր կյանքի գնով փրկել է վիրավոր ընկերոջը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Ահարոն Նորայրի Ասատրյան:

Մեր հերոս Ահարոնը ծնվել է 1996 թվականին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Նա հայրենիքի սահմանների սուրբ պաշտպաններից մեկն էր, ծառայում էր Հայաստանի սահմանապահ զորքերում՝ որպես դիպուկահար: Ու սեպտեմբերի 27…

Հերոս Ահարոնը հենց առաջին ժամերից ոտքի է կանգնում, որ թույլ չտա թշանում ոտք դնել հայոց հողի վրա: Նա եղել է ամենաթեժ կետերում, իրեն վտանգելով՝ կարողացել է փրկել զինակից ընկերների կյանքը:

«Ես հետո հրամանատարներից եմ իմանում՝ ինչերի միջով են անցել, իմ բալեն իր կամանդիրի կյանքն է փրկել: Համացանցում մի տեսանյութ տեսա, որտեղ Ահարոնս ասում է՝ «Պիտի հաղթենք, ժողովուրդ», հավատում էր ու սպասում էդ հաղթանակին», — հիշում է հերոսի մայրը:

«Վերջին անգամ իմ բալի հետ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, ասաց՝ լավ մնացեք, ամեն ինչ լավ կլինի, զարյադկա չունեմ, էստեղ լույս չկա, չեմ կարող հեռախոսս զարյադկի դնել, չանհանգստանաք»:

Սակայն իրեն չի խնայում Ահարոնը: Նա քաջի պես ընկնում է Հորադիզում հոկտեմբերի 15-ին՝ փրկելով վիրավոր զինակից ընկերոջը:

Ահարոնը սիրած աղջիկ ուներ, ասում էի՝ պատերազմը վերջանա, տուն գա, կամուսնանա, բայց պատերազմը ամեն ինչ իր հետ տարավ… երազանքներ, հույս, նպատակներ…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: