«Ընտանիքի միակ զավակն էր, տան միակ ճրագը, բարության տիպար». ՀԵՐՈՍ Լևոնը զոհվել է մոր հետ խոսելուց ընդամենը ժամեր անց ԱԹՍ-ի հարվածից

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Լևոն Համլետի Ստեփանյան:

Մեր հերոս Լևոնը հրետանավոր էր, իր գործի գիտակներից մեկը: Ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Լևոնը ընտանիքի միակ զավակն էր, տան միակ ճրագը: Նա ապագա ոսկերիչ էր: Բարության տիպար էր, խելացի, կատակասեր, ընկերասեր, աշխատասեր, ուներ բազում նպատակներ, որոնք, ավաղ, անկատար մնացին:

Չափահաս դառնալուց հետո ժամանակն էր արդեն պարտքը տալ հայրենիքին և Լևոնը ժամկետային զինծառայության է ացնում 2019 թվականին Կապանի զորամասում: Երբ արդեն պատերազմը սկսվել էր, այդ պահին Լևոնը և իր մարտական ընկերները Ջրականի դիրքերում էին:

Սեպտեմբերի 30-ին խոսել է մայրիկի հետ, ասել է. «Մամ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ շատ լավ է, ապահով ենք», սակայն ժամեր անց զոհվել է անիծված ԱԹՍ-ի հարվածից:

Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: