«Վերջին օրերին Ասկերանից տարել են Շուշի, որտեղ վիճակը սարսափելի ծանր էր». ՀԵՐՈՍ Վահանը զոհվեց հրադադարից ընդամենը 1 օր առաջ՝ ընկերոջ կյանքը փրկելով

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Վահան Սարգիսի Գրիգորյան:

Մեր հերոս Վահանը գնդացրորդ էր: Ծնվել է 1999 թվականին: Իր ժամկետային զինծառայությունը անցկացրել է Ջրականի զորամասում: Ու սեպտեմբեր 27-ը ազդարարում է 44-օրյա դժոխքի սկիզբը, որը մեզնից պիտի խլեր մեր ամենաթանկերին:

Հայրենիքի սահմանների պաշտպանը, հենց առնում է պատերազմի լուրը, պահեստորայինների կազմում միանգամից մեկնում է Արցախ՝ ընկերների կողքին լինելու և ուս ուսի կռվելու: Նա ամենաթեժ կետերում էր: Սկզբում կռվում էր Ասկերանում, ապա նրան տեղափոխում են Շուշի, որտեղ նա պիտի իր վերջին կռիվը տար:

Հենց Շուշիում նա նետվել է զինակիցներին օգնելու, բայց ինքն է հայտնվել թշնամու թիրախում ու ընկել է նոյեմբերի 8-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը 1 օր առաջ:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: