«Ֆագոտ հակատանկային համակարգի ավագ օպերատոր էր, թշնամուն մեծաթիվ կորուստներ էր պատճառել». ՄԵՐ ՀԵՐՈՍ Միհրանը մնաց հավերժ 19 տարեկան

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Միհրան Գագիկի Հարությունյան:

Մեր հերոս Միհրանը սերժանտ էր: Ծնվել է 2001 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Նա ժամկետային զինծառայության է անցել 2019 թվականին: Ծառայում էր Հադրութի զորամասում: Հակատանկիստ էր, տիրապետում էր «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգին: Ավագ օպերատոր էր ու իր գիտելիքներով կարողացել է թշնամուն մեծաթիվ կորուստներ հասցնել:

Սակայն պատերազմը նրան էլ չխնայեց: Հերոս Միհրանը տվեց իր բաժին կռիվը ու ընկավ քաջի պես հոկտեմբերի 1-ին Հադրութի համար մղվող թեժ մարտերում: