«ՆԱ նվեր էր ՀԱՅ ժողովրդին». ՄԵՐ Սիրանույշն ու ՀԱՅ կինոյի ՄԱՅՐԸ, ով որդու մահից հետո մեկնեց ԱՄՆ ու ողջ կյանքը մնաց ՀԱՅՐԵՆԻՔԻ կարոտով

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին:

Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին։ «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։

54 տարի Նովենցի հետ ապրած ու իր կյանքի ընկերուհուն կորցրած Երվանդ Ղազանչյանը հետագայում կասի․ «…Ես էլի եմ ասել, որ Գալյան նվեր է եղել մեզ, մեր ժողովրդին»։

Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը։ Այս ֆիլմին հաջորդեցին ««Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», եւ վերջին դերը՝ զուգադիպությամբ, թե ճակատագրի բերումով նույնպես Ֆրունզե Դավլաթյանի «Կարոտ» ֆիլմում էր։ Այնուամենայնիվ դերասանուհին հետագայում կառանձնացնի Սիրանուշի դերը, («Մեր մանկության տանգո») որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի շատ մեծ սեր բերեց։

Հետագայում Գալյա Նովենցը կհիշի․ «Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես․․․պատահական անուններ եմ տալիս տեսնում է Հասմիկին, մյուսում՝ Սուսանին․․․ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով»։

Իսկ Սոֆիկո Ճիաուրելին «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո ասել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:

Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծու՜ռ․․․

Որդու՝ տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի մահց հետո, դերասանուհին, որ ոչ միայն հայկական կինոյում կերտեց հայ կնոջ ընտանիքին ու զավակներին նվիրված մոր կերպար, այլեւ՝ ճիշտ այդպիսին էր ընտանիքում, մեկնում է ԱՄՆ՝ թոռների մոտ։ Օտարությունը, սակայն, Գալյա Նովենցի համար չէր․ «Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին: